25/05/2023 19:03
Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի․ Ալիև (Տեսանյութ)
«Պետք է մեծ ջանքեր ներդնել կամ շատ վառ երևակայություն ունենալ՝ իմ խոսքերում տարածքային հավակնություններ տեսնելու համար»,- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանը որպես գլխագիր է ծառայեցնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։
«Ինչ վերաբերում է «միջանցք» բառին, որը ես օգտագործել եմ, ապա ես այն նույն կերպ օգտագործել եմ նաև Հյուսիս-Հարավ միջանցքի հետ կապված, այդ բառը նույն կերպ օգտագործվում է նաև Արևելք-Արևմուտք միջանցքի հետ կապված։ «Միջանցք» անվանումը ոչ մի կերպ ոտնձգություն չէ ինչ-որ մեկի տարածքի նկատմամբ։ Դա միջազգային տերմին է, և ես կարծում եմ, որ մարդիկ, որոնք ծանոթ են միջազգային տերմինաբանությանը, այն նշանակությունը չէին տա դրան, որը այսօր տալիս է Հայաստանի վարչապետը»,- ասել է Ալիևը։
Արձագանքելով Ալիևին՝ Փաշինյանը հայտարարել է, որ «բոլոր այն մարդիկ, որոնք ծանոթ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, գիտեն, որ դրանում միայն մի դեպքում է օգտագործվում «միջանցք» բառը, և այդ համատեքստում այդ բառը հատուկ նշանակություն ունի։ Դա Լաչինի միջանցքն է, որը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո և ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, բայց Ադրբեջանը անօրինական կերպով արգելափակել է այդ միջանցքը»։