25/05/2023 15:23
Սուրեն Պապիկյանի չմասնակցելը ՀԱՊԿ նիստին վկայում է, որ Հայաստանը սառեցրել է կազմակերպության հետ հարաբերությունները. Ռազմական փորձագետ
Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Մինսկում էլ անցկացվում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիստը, որին, սակայն, ՀՀ պաշտպանության նախարարը չի մասնակցել: Նախարարությունից պարզաբանում չեղավ, թե ինչու Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ:
ՀԱՊԿ նիստին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել էր զորավարժություններին Հայաստանի մասնակցության կարևորության մասին, սակայն դեռևս հայտնի չէ՝ Հայաստանը կմասնակցի, թե ոչ:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցրել են։
«Սա խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները գործնականում սառեցվել են: Հայաստանին առաջարկվող աջակցության փաթեթը դեռևս անցյալ տարվա նոյեմբերից ՀՀ-ն մերժել է՝ տարբեր մտացածին պատրվակներով: Այսօրվա իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայվի, որի մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նաև ասել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների մոտ կա կոնսենսուս, որպեսզի խաղաղապահ զորքերը գան հայ-ադրբեջանական սահմանում կանգնեն և որը կլինի կանխարգելիչ միջոց ադրբեջանական ցանկացած ռազմական սադրանքի: Դրան էլ գումարած Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայով հասնող հաստիքից: Սուրեն Պապիկյանի չմասնակցելը ՀԱՊԿ նախարարների նիստին վկայում է այն մասին, որ Հայաստանը, ոչ իրավական առումով, սառեցրել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները», - նշեց Նահապետյանը:
Փորձագետի խոսքով՝ այժմ օրակարգ են մտցրել և կուլիսներում էլ քննարկում են ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացին ընթացք տալը.
«Այն հղի է բավականին անկանխատեսելի ու ծանր հետևանքներով, քանի որ դա նաև ենթադրում է Արցախից խաղաղապահ զորքերի դուրս բերումը: Եթե դրան էլ ավելացնեք, որ Փաշինյան Նիկոլի որոշմամբ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ապա, վաղ թե ուշ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայց է ներկայացնելու ՀԱՊԿ-ին՝ իր տարածքում խաղաղապահ զորքերին ժամանակից շուտ դուրս հանելու համար: Եվ երբ Փաշինյանը հայտարարում է, թե իբր ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս է եկել, կեղծիք է, որևիցե հիմնավորում չունի և որին արձագանքեց Մարիա Զախարովան: Եվ վերջինիս նկատմամբ Փաշինյան Նիկոլը ունի, կարելի է ասել, նույնիսկ թշնամական վերաբերմունք: Երեկ վիրավորական արտահայտություն արեց մի անձի, որի գործառույթների մեջ մտնում է տարբեր երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությունները մեկնաբանելը: Սա, կարելի է ասել, Փաշինյանի կողմից ՌԴ-ի քաղաքական ղեկավարությանը նետված մարտահրավեր է, առավել ևս, որ նա երեկ չէր մասնակցել ԵԱՏՄ համաժողովին, որտեղ հրավիրված էր և նրան փոխարինում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փաշինյան Նիկոլն ամեն ինչ անում է, որ քաղաքական ու ռազմական առումներով ՌԴ-ի հետ հնարավոր բոլոր կապերն ու համագործակցությունը կտրի»:
Փորձագետը հավելեց, որ Ռուսաստանը ՀՀ-ում նաև էներգետիկ առումով մեծ դերակատարում ունի և դա նույնպես Փաշինյանը փորձում է վերացնել. «Երեկ օրակարգ է մտցվել ամերիկյան մոդուլային ատոմակայանների տեղակայման հարցը՝ հիմնավորելով, որ դա ավելի շահեկան է: Այսինքն, ակնհայտ է, որ այդ մասով ևս փորձում են կտրել կապը ՌԴ-ի հետ: Իսկ թե համագործակցության այդ բոլոր կապերի կտրումը ինչ աղետ կարող է բերել Հայաստանին, կարծում եմ՝ 103 տարի առաջ մենք դա տեսել ենք, ինչպես նաև Վրաստանի ու Ուկրաինայի փորձերը: Այս սցենարը Փաշինյանինը չէ, նա ուղղակի կատարող է, փայլուն մանիպուլյատոր է, իսկ որոշումները կայացվում են Վաշինգտոնում ու Լոնդոնում: Խնդիրն այն է, որ ՌԴ-ին դուրս թողնելով Հարավային Կովկասից, այստեղ է մտնելու Թուրքիան»։