25/05/2023 18:33
Պետք է հրաժարվենք բոլոր այն խոտելի երևույթներից, որոնք քայքայում են ցանկացած երկիր ու ազգ․ Տեր Վաչագան քահանա Գյուրջյան
Արցախի թեմի գլխավոր նպատակներից է եկեղեցու հովանու ներքո արցախահայությանը համախմբելը՝ և՛ խաղաղ պայմաններում, և՛ փորձությունների պահերին, «Արցապրես»-ի հետ զրույցում նշել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:
«Արցախյան գոյապայքարի ամբողջ ընթացքում Եկեղեցին եղել է այդ պայքարի առաջամարտիկը, ոգի և օրհնություն տվողը: Բնականաբար այսօր էլ, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ և կրում է բազում զրկանքներ, Արցախի թեմը ուղղակի չի կարող անմասն մնալ իր զավակների նեղություններից: Մեծածավալ աշխատանքներ են կատարվում, այդ թվում՝ ժողովրդի հոգևոր-հոգեբանական կայունությունը պահպանելու ուղղությամբ»,- ասել է հոգևորականը:
Նրա խոսքով՝ չնայած բազում դժվարություններին՝ թեմը կազմակերպում է հոգևոր մշակութային միջոցառումներ, ուխտագնացություններ, որոնք նպատակ ունեն այս դժվարին օրերին միավորելու և հոգեպես զորացնելու ժողովրդին:
«Հուրախություն մեզ, կարող ենք վկայել, որ անհամեմատ մեծացել է եկեղեցի հաճախողների ու պատարագներին մասնակցողների թիվը: Դժվարություններն ու նեղությունները ստիպում են մարդուն նայել իր ներսը, վերև նայել, փնտրել Աստծուն, և այդ փնտրտուքի ճանապարհը նրան բերում է դեպի Եկեղեցի»,-ընդգծել է հոգևոր հայրը:
Նրա դիտարկմամբ՝ օրհասական պահին ակտիվացել են օտարամուտ և մոլորեցնող հավատքի հետևորդները՝ աղանդավորները:
«Նրանք փորձում են համոզել, որ իբր փրկությունը միայն իրենց այս կամ այն խմբակին անդամակցելն է: Սրանք լուրջ վտանգ են ներկայացնում մեր վիրավոր երկրի համար՝ թե՛ ազգային անվտանգության առումով և թե՛ ժողովրդի հոգևոր միասնության: Եկեղեցին փորձում է հաղթահարել նաև այս պառակտիչ մարտահրավերները»,-նշել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը ՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար պետք է ունենալ ամուր կամք, հզոր հավատք և մերժել անձնական շահը:
«Մենք պետք է հրաժարվենք այն բոլոր խոտելի երևույթներից, որոնք քայքայում են ցանկացած երկիր ու ազգ՝ եսասիրություն, փառամոլություն, փողասիրություն և այսպես շարունակ: Երբ Արցախում և Մայր Հայրենիքում սիրո իշխանությունը կհաղթի իշխանության հանդեպ սիրուն, այն ժամանակ խաղաղությունը կգա և կբնակվի մեզ մոտ»,- համոզված է Տեր Վաչագանը։
Որպես Քրիստոսի Սուրբ Խորանի համեստ սպասավոր, նա իր խնդրանքն ու հորդորն ունի քրիստոնեական բոլոր եկեղեցիներին. «Իրենց հայացքն ուղղեն քրիստոնեության հնագույն օրրան հանդիսացող Արցախ աշխարհի վրա, հասկանան, որ այս երկրի սրբությունները համամարդկային են և, երբ այն մատնվում է այլադավանների ձեռքն ու պղծվում, ապա Աստծո առաջ պատասխան պիտի տան բոլորը, որովհետև իրենց եղբայրները նեղության մեջ էին, հիվանդ էին, բանտում էին և նրանք այցի չեկան(Հմմտ. Մատթ. 25:31-46 )»։