25/05/2023 11:47
Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական մարտահրավերների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածությունը կարևոր է. ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը և ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները։
Նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերի ոտնահարմանը, այդ թվում, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին ընդունված որոշման կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրմանը։
Այս համատեքստում նա կարևորել է Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական մարտահրավերների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածությունը և անարգել հումանիտար հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Ընդգծելով Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման և հայրենադարձման հրամայականը՝ Վահե Գևորգյանն արժևորել է նաև ԿԽՄԿ գործունեությունը՝ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կատարումն ապահովելու ուղղությամբ: