25/05/2023 12:33
Առաջ Աղվան Վարդանյանն ինձ ասում էր՝ «ողջույն, լուսավո՛ր մարդ», իսկ հիմա, երբ զիջեցի տեղս, ասաց՝ «միայն ձեր դիակի վրայով». Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր մեկ-երկու դրվագ պատմեց իր ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարաբերություններից։
«Երբ ես ՀՅԴ անդամ էի, Աղվան Վարդանյանի հետ շփվել ենք, ես իր մասին շատ դրական կարծիքի էի՝ գրագետ, պատրաստված, միգուցե, մի քիչ մեծամիտ, դա էլ, երևի, պայմանավորված էր իր ներքին կարողությունների գնահատականով»,- ԱԺ-ում պատմեց Աղազարյանը։
Նա 1998 թվականի ՀՅԴ գերագույն ժողովից որոշ դրվագներ ներկայացրեց․ ասաց՝ ինչ-որ հարց է քննարկվել, որի վերաբերյալ ինքն ու Աղվան Վարդանյանը նույն կարծիքն են ունեցել։
Աղազարյանը պատմեց, որ ինքն ու Աղվան Վարդանյանը ելույթ են ունեցել, որից հետո մեկ այլ ՀՅԴ-ական է ելույթ ունեցել ու քննադատել իր ու Վարդանյանի ելույթը։ Աղազարյանն իր ելույթի քննադատության ժամանակ լռել է, իսկ երբ Աղվան Վարդանյանի ելույթն են քննադատել, ընդհատել է։
«Դրանից հետո ամեն առավոտ, երբ հավաքում էինք, Աղվան Վարդանյանը գալիս էր ու բոլորի ներկայությամբ ինձ ասում էր՝ «ողջույն, լուսավո՛ր մարդ»։ Անցան ժամանակներ, էլի շփվում էինք, հանդիպեցի իրեն ԱԺ անցակետում, ես զիջեցի տեղն իրեն, ինքն էլ ասաց՝ «միայն ձեր դիակի վրայով»։ Դե, դա կարելի է համարել Աղվան Վարդանյանի սարկազմով մտքերի շարքից, հիմա էլ ասում է՝ «մի մարդ, որ չի հասկանում, թե ինչ է խոսում»։ Հիմա, պարո՛ն Աղվան Վարդանյան, կյանք ենք ապրել, ի՞նչ տրասնֆորմացիա է տեղի ունեցել ձեր մոտ, ի՞նչ տրանսֆորմացիա՝ իմ մոտ, իմ մոտ, բացի այն, որ բիձայացել եմ, շատ ուրիշ բաներ տեղի չեն ունեցել, իսկ ձեր մոտ տրանսֆորմացիաներ շատ են եղել»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը։