25/05/2023 16:14
Հայաստանի կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՌԱԿ 29-րդ համագումարի մասնակիցներին։
«Ողջունում եմ Երևանում ՌԱԿ 29-րդ հերթական համագումարի անցկացումը և հույս հայտնում, որ այն նոր ազդակ կհաղորդի կուսակցության հետագա գործունեությանը ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում:
Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:
Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով՝ ապացուցել կենսունակությունը:
Բարձր գնահատանքի է արժանի դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը՝ հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման և այլ հարցերի լուծման գործում:
Մենք շահագրգիռ ենք կուսակցության շարունակական զարգացմամբ՝ միտված մեր երկրի և ժողովրդի միասնականության, ազատության ու պետականության ամրապնդմանը:
Վստահ եմ, որ ՌԱԿ-ն առաջիկայում առավել ակտիվ կշարունակի իր քաղաքական գործունեությունը՝ ի նպաստ մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման և առաջընթացի:
Մաղթում եմ համագումարի մասնակիցներին արդյունավետ քննարկումներ և հաջողություններ»,- ասվում է ուղերձում։