25/05/2023 20:08
Ալիևի համար կարևորը Արցախն առանց հայերի տեսնելն է և Զանգեզուրի միջանցքը վերցնելը. հանուն դրա կարող է երկու րոպե էլ նստել ԵԱՏՄ ղեկավարների կողքին. Քաղաքագետ
Այսօր ԵԱՏՄ նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնարկեց, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ:
Քաղաքագետ Արմեն Բադալյանը դա քիչ հավանական է համարում: «Ադրբեջանն ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարող է և, մտնելով ԵԱՏՄ, նա իր հարաբերությունները կփչացնի Արևմուտքի հետ, իսկ էներգառեսուսների վաճառքի հետ կապված Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունները բավականին ամուր են: Նա այդ հանդիպմանը մասնակցել է որպես քաղաքակրթական դրսևորում, մանավանդ, որ դրանից հետո պետք է եռակողմ հանդիպում լինի: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ չի հասկանում այն ճնշումները, որոնք իր նկատմամբ կարող են լինել Արևմուտքից, եթե փորձի ԵԱՏՄ անդամ դառնալ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։
Քաղաքագետի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ մի սեղանի շուրջ նստելը Ադրբեջանի նախագահի կողմից ՌԴ նախագահին դուր գալու փորձ է։
«Ի՞նչն է խնդիրը, նա հաղթող կողմ է և իրեն կարող է դա թույլ տալ: Ինչ վերաբերում է Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան, դրանք իր համար են կարևոր նախադրյալներ, քանի որ մեր վարչպետն ԱԺ-ում պաշտոնապես հայտարարել է, որ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ալիևի համար կարևորը Արցախն առանց հայերի տեսնելն է և Զանգեզուրի միջանցքը վերցնելը: Մնացածն իրեն չի հետաքրքրում: Իսկ հանուն դրա՝ կարող է երկու րոպե էլ նստել ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողքին, առավել ևս, որ ԵԱՏՄ-ում այն ղեկավարներն են, որոնց հետ ինքը շատ լավ հարաբերություններ ունի՝ Լուկաշենքո, Տոկաև և այլն», - ասաց Բադալյանը։
Քաղաքագետը այսօրվա հանդիպման հետ կապված կանխատեսումներ չի ցանկանում անել.
«Չեմ կարող ասել՝ փաստաթուղթ կստորագրվի՞, թե՞ ոչ: Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ ստորագրվի: Բայց կհաջողվի, թե ոչ, դժվար է ասել: Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ Արևմուտքի գծած վեկտորով են առաջ շարժվում: Եթե զուտ տեսականորեն նայենք, ապա մեզ համար ավելի շահեկան է ռուսական փաստաթուղթը, վեկտորը, որովհետև այնտեղ անորոշ ժամանակով Արցախի կարգավիճակը ձգվում է: Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները ինքնուրույն սուբյեկտ չեն, այլ դրված են Արևմուտքի կողմից, դրա համար իշխանությունները կընտրեն այն փաստաթղթի վավերացումը, որն Արևմուտքն իրենցից կպահանջի»: