25/05/2023 10:41
«Հրապարակ». Ինչ կարող է անել ԱԺ նախագահը Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հարցով
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ընդառաջել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչների խնդրանքին և նրանց այսօր իր մոտ է հյուրընկալելու։ Ուշագրավ է, որ ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ հավաքված բնակիչները քննադատում էին Փաշինյանին ու նրա ղեկավարած կառավարությանը՝ ասելով, որ կառավարությունն անգործության է մատնվել, իրենք պարբերաբար նամակներ են ուղարկում, ներկայացնում իրենց խնդիրը, սակայն շարունակ ստանում են վտարման որոշումներ, և իրենց հարցին լուծում չի տրվում։ Թե ինչ կարող է անել այս հարցով ԱԺ նախագահը, դժվար է պատկերացնել։
Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը վերջին օրերին հաճախ է ցուցադրաբար շրջում Ազգային ժողովի տարածքում, նախորդ օրն ԱԺ-ի բակում էր՝ թիկնազորի ուղեկցությամբ, անցնում էր ընդդիմությանը հատկացված հարկաբաժնի կողքով։ Երեկ էլ նույնկերպ մտավ խորհրդարանի բուֆետ, աշխատակիցներից մեկին ինչ-որ բան հարցրեց և արագ հեռացավ, սակայն շարունակ հրաժարվում է լրագրողներին ճեպազրույց տալ։ Ավելի ուշ իմացանք, որ ԱԺ նախագահը բուֆետ է մտել՝ հետաքրքրվելու՝ իր պատվիրած կերակուրը պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Մենք պարզեցինք, որ սպանախով ապուր էր պատվիրել»։