26/05/2023 15:11
Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ սպառազինություն չի եղել, Բաքվում այդ ի՞նչ 5 միլիարդ դոլարի զենք-զինամթերք ու տեխնիկա է ցուցադրվում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր անդրադարձավ ՔՊ-ականների կողմից շրջանառված թեզին, թե, իբր, Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ բանակում անգամ 80-ականների զենք չի եղել:
«Եթե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում զենք-զինամթերք, սպառազինություն չի եղել, Բաքվի ավարների պուրակում այդ ի՞նչ 5 միլիարդ դոլարի զենք-զինամթերք ու տեխնիկա է ցուցադրվում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա:
Աբրահամյանի խոսքով, եթե Հայաստանն այսօր ունենար այն սպառազինությունը, որը ներկայացվում է 80-ականների, 70-ականների, նույնիսկ 60-ականների, ապա այսօր նման բալանսի պայմաններում կարող էր ապահովել իր պաշտպանությունն ու անվտանգությունը:
«Ժամանակ առ ժամանակ, երբ խոսվում է հրետանու աշխատանքի մասին, խոսվում էր և՛ Սոթքի դեպքերի ժամանակ, և՛ 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ, այդ ի՞նչ հրետանի է այդ խնդիրը լուծել, այդ հրետանին, որի մասին խոսվում է, 60-70-ակաների հրետանի է ու եթե ես լինեի որոշում կայացնողն ու հնարավորություն ունենայի այդ տիպի հրետանային միջոցներ ունենալ, անպայման ձեռք կբերեի: Հայաստանը չունի այլընտրանք, այն, ինչ էլ ձեռք է բերվում կա՛մ զիջում է, կա՛մ էլ մոտավորպես անալոգն է 70-ականների զենք-զինամթերքների»,- նշեց նա:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի խոսքով՝ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում Հայաստանն ուներ զինտեխնիկա, որոնք արտադրության առումով 2000-ականների էին, կար «Սմերչ», «Իսկանդեր», «Տոչկա-Ու» և այլն:
Ըստ նրա՝ այս թեմայի շրջանառումը ՔՊ-ի կողմից նպատակ ունի ցույց տալու, որ Հայաստանը պարտվել է, քանի որ ոչինչ չուներ, ծանր ժառանգություն են ձեռք բերել:
«Գիտեք, այս իշխանությունը բարոյական իրավունք չունի խոսելու սպառազինության մասին, որովհետև իր ձեռքբերած սպառազինությունը, որն արտահայտվում էր ՍՈՒ-երի միջոցով, նույնիսկ կիրառման ենթակա չի եղել»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը: