26/05/2023 17:51
2000-ականներից՝ մեր օրեր. Ի՞նչ լուքեր են նախընտրում հայ շրջանավարտները. ոճաբանի մասնագիտական խորհուրդը
Այսօր հայաստանյան տարբեր դպրոցներում կարելի է տեսնել միանման, սև և սպիտակ հանդերձանք կրող շրջանավարտների։ Շատերն էլ, դուրս գալով դասականի շրջանակներից, ներկայանում են նոր լուծումներով՝ ընդգծելով իրենց առանձնահատկությունն ու համարձակությունը։
«Ի՞նչ հագնել» հարցն ավելի է սկսում անհանգստացնել, երբ մոտենում է ավարտական երեկոն։
Անձնական ոճաբան և նորաձևության փորձագետ Տաթևիկ Մելիքյանը Aysor.am-ին պատմել է, թե ի՞նչ փոփոխություններ են եղել շրջանավարտների զգեստապահարանում 2000- ականներից մինչ այժմ, ի՞նչ հագուս են նախընտրում մերօրյա երիտասարդներն ու ի՞նչ պահանջներ ունեն ոճաբաններից։
«Այսպես կոչված «աշակերտական» նորաձևության միտումները անքակտելիորեն կապված են ժամանակակից նորաձևության միտումների հետ: Այն, ինչ ակտուալ է տաք սեզոնին, շրջանավարտների համար վերածվում է միտումների։ Օրինակ՝ զգեստների փքուն թևեր, կորսետներ և այլն։ Կարևոր է, որ այս բոլորը համապատասխանեն տարիքին և ներկայացվեն առանց գռեհկության»,-ասաց ոճաբանը:
Ոճաբանի խոսքով, վերջին շրջանում, երբ աշխատել է շրջանավարտների հետ, շատերը նշել են, որ ցանկանում են իրենց տարիքից ավելի հասուն թվալ.
«Իհարկե, երբ մենք նրանց տարիքում էինք, ևս ուզում էինք մեր տարիքից մի փոքր մեծ երևալ։ Ուստի նրբանկատորեն առաջարկում եմ աղջիկներին, որ երիտասարդ տարիքի հմայքն ու թեթևությունն իսկապես գեղեցիկ են, և անհրաժեշտություն չկա ավելորդ կերպով ծանրաբեռնել կերպարը»,-ասաց նա։
Մասնագետը նշեց, որ համազգեստները մակրո թրենդ են համարվում, և պետք չէ վախենալ կրել դրանք.
«2000-ականներին էլ շրջանավարտները ներկայացել են դպրոցական համազգեստներով, որը խորհրդային տարիներից մնացած մոտիվ է և զուսպ տեսք է հաղորդում նրանց։ Ի տարբերություն այն տարիների, այսօրվա սերունդը իրեն զերծ է պահում անհարկի բարձրակրունկներից, փայլերից ու վառ դիմահարդարումից, և նախընտրությունը տալիս թույլ շպարին, փոքրիկ կրունկին՝ համադրելով այն ծնկից փոքր-ինչ բարձր զգեստների հետ»։
Խոսելով գույնի մասին, Տաթևիկ Մելիքյանը նշեց, որ այս տարի ևս ակտուալ են մեղմ, պաստելային երանգները՝ խորհուրդ տալով ընտրել մոնոխրոմատիկ հանդերձանք (կաթ, սերուցք, շոկոլադ, հատապտուղ, կիտրոն, ազնվամորի) ։
«Զգեստ ընտրելիս իմ գլխավոր խորհուրդը ռացիոնալ և երբեմն նույնիսկ պրագմատիկ մոտեցումն է։ Հնարավոր կլինի մի քանի անգամ կրել առանց ավելորդությունների զգեստը, սակայն «արքայադստեր» փքուն, փայլուն զգեստները մոտ ապագայում հակաթրենդի առաջին շարքերին կդասվեն։ Իսկ կիսաթափանցիկ, չափազանց կարճ զգեստները, նույնիսկ, հակաթրենդ չեն, այլ գռեհկություն, որոնք անհրաժեշտ չէ ներառել ավարտական զգեստի ցանկի մեջ»,-վստահ է ոճաբանը։
Զրույցի վերջում ոճաբանը շրջանավարտներին շնորհավորեց կյանքի կարևոր փուլի առթիվ և խորհուրդ տվեց լիարժեք վայելել օրը՝ ինչ հագուստ էլ որ նախընտրած լինեն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։