26/05/2023 09:41
«Հրապարակ». Ուշագրավ փոփոխություններ են սպասվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում ուշագրավ փոփոխություններ են սպասվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում` հատկապես եվրոպական առանցքային երկրներում պաշտոնավարող դիվանագետների շրջանում:
Մեր տեղեկություններով, հետ է կանչվելու Լիտվա, Լատվիա, Էստոնիայում պաշտոնավարող Հովհաննես Իգիթյանը: Մեզ չհաջողվեց պարզել` նրան որևէ այլ երկիր գործուղելո՞ւ են, թե՞ դժգոհ են աշխատանքից և որոշել են վերադարձնել Հայաստան: Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին ևս տեղափոխում են. նրան կնշանակեն Լեհաստանում դեսպան, որն այժմ համարվում է ավելի կարևոր բնագիծ, քան սկանդինավյան երկրները: Լիտվայում դեսպան կնշանակվի ԱՄՆ-ի ՀՀ դեսպանությունում 6 ամիս աշխատած Արա Մարգարյանը:
Եվս մի տեղափոխություն․ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը կտեղափոխվի Բրյուսել, ինչը նույնպես մեծ վստահություն է ընդդիմադիր հայացքներ ունեցող Կիմ Բալայանի որդու նկատմամբ: Այլ փոփոխություններ ևս նախատեսվում են դիվանագիտական կորպուսում, որոնց կանդրադառնանք առաջիկայում»։