26/05/2023 19:00
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է, թե Քիշնևում սպասվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրում (Factor.am)
ՀՀ ԱԳՆ-ն այսօր պատասխանել է Factor.am-ի հարցադրմանը՝ արդյոք հունիսի 1-ին Քիշնևում սպասվո՞ւմ է Ադրբեջանի հետ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և, մասնավորապես, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ»,- Factor.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։