26/05/2023 17:15
Շրջափակման պատճառով Արցախում շինարարության ծավալը նվազել է 83 տոկոսով
Շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում շինարարության ծավալները կրճատվել են 83 տոկոսով, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը։
«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախում իրականացվել է 1,9 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 83.9 տոկոսով»,- ասել է նա՝ ամփոփելով Արցախում 2023 թվականի հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները:
Մանուշ Մինասյանի խոսքով՝ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 96,6 տոկոսը:
Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ խիստ նվազել է կազմակերպությունների, մարդասիրական օգնության, համայնքային ու պետական բյուջեի և այլ միջոցների և հակառակը՝ 9,1 տոկոսով աճել բնակչության միջոցների հաշվին կատարված շինարարությունը:
ԱՎԾ նախագահի տեղեկատվությամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 75,1%-ը կատարվել է պետական բյուջեի, 14,5%-ը` բնակչության, 5,5%-ը՝ մարդասիրական օգնության, 3,9%-ը՝ կազմակերպությունների միջոցներով:
«Հանրապետությունում իրականացված շինարարության 42,5%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 41 %-ը` փոխադրումներ և պահեստային տնտեսությանը, 5,7%-ը` մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգմանը, 3,6%-ը` մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտին: Տարածքային առումով հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 40 %-ը բաժին է ընկել մայրաքաղաքին, 31,4%-ը՝ Մարտունու, 26,9%-ը՝ Ասկերանի, 1,7%-ը՝ Մարտակերտի շրջաններին»,-ընդհանրացրել է Մանուշ Մինասյանը։