26/05/2023 17:40
Իշխանության ներկայացուցիչներն ավելի փակ են դարձել լրատվամիջոցների համար. լրատվական դաշտը պետք է համախմբվի. Բորիս Նավասարդյան
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն երեկ ԱԺ աշխատակազմին կոչ արեց հետևել լրագրողների աշխատանքին և հարկ եղած դեպքում արգելել նրանց մուտքը խորհրդարան: Սա առաջին դեպքը չէ, երբ ԱԺ իշխող խմբակցության անդամները նման հայտարարություներով են հանդես գալիս, նաև խոչընդոտներ ստեղծում լրագրողների աշխատանի համար:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ նկատել է՝ իշխանության ներկայացուցիչները վերջին ժամանակներում ավելի փակ են դարձել լրատվամիջոցների համար։
«Բավականին դժվար է իրենցից հարցազրույց վերցնել, մեկնաբանություն ստանալ: Եվ առաջին հերթին խոսքն այն լրագրողների ու լրատվամիջոցների մասին է, որոնք սուր հարցեր են տալիս և քննադատական հրապարակումներով աչքի ընկնում: Դա, առաջին հերթին, վերաբերում է խորհրդարանի շենքին և այնտեղ տեղի ունեցող զարգացումներին, քանի որ հենց դա է այն վայրը, որտեղ միշտ կարելի է և՛ պատգամավորին դիմել հարցով, և՛ այլ պաշտոնյաների: Մենք տեսնում ենք որոշակի սահմանափակումներ հավատարմագրումների հետ կապված, որոնք ներդրվել են արդեն երկար ժամանակ, մասամբ նաև կիրառվում են», - ասաց Նավասարդյանը։
Նրան չի զարմացնում այն, որ նման նախաձեռնություններով հանդես են գալիս նախկինում լրագրող եղած պատգամավորները.
«Դա արդեն, կարծես, ավանդույթ է ՀՀ-ում: Նախորդ խորհրդարանում մենք տեսել ենք, որ լրագրողները, որոնք պատգամավոր են դարձել, միանգամից փոխել են իրենց վերաբերմունքը նախկին գործընկերների նկատմամբ և նույնքան փակ են՝ հարցերին պատասխանելու և հաղորդակցվելու առումով», - ասաց Նավասարդյանը։
Երևանի մամուլի ակումբի նախագահը այս հարցի լուծումը տեսնում է պրոֆեսիոնալ լրագրողների և լրատվադաշտի ներկայացուցիչների համախմբմամբ.
«Տեսնում ենք, որ լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքը տարբեր լրատվամիջոցների մոտ տարբեր են: Ցավոք, տեսնում եմ, որ այն լրագրողները կամ լրատվամիջոցները, որոնք ավելի քիչ են տուժում, նրանք էլ հակված չեն համատեղ գործողությունների դիմել, նախաձեռնություններ ունենալ իրենց գործընկերների հետ, որոնք այլ քաղաքական ճամբարում են: Լրագրողական կազմակերպությունների հետ կապն այդքան արդյունավետ չէ և դա իր արդյունքներն է ունենում: Եթե լրագրողական համայնքը և տարբեր հոսանքերի պատկանող լրատվամիջոցները, լրագրողական կազմակերպությունները միասին գործեին և ինչ-որ առաջարկություններ անեին, թե ինչպես կարելի է փոխել այսօրվա տհաճ իրավիճակը, ինչ-որ լուծումներ հնարավոր կլիներ գտնել: Իմ համոզմամբ, խորհրդարանի հավատարմագրման կարգը պետք է մշակվի հենց հավատարմագրված լրագրողների կողմից, դրանով իրենք նաև պատասխանատվություն կստանձնեն ապահովել այնպիսի մթնոլորտ խորհրդարանում, որպեսզի այն բարենապսատ լինի և՛ օրենսդրական մարմինը ներկայացնող մարդկանց համար, և՛ լրագրողների: Այսինքն, նորմալ, աշխատանքային պայմաններ, կարծում եմ, հնարավոր է ստեղծել փոխըմռնման և հարգանքի սկզբունքներից ելնելով: Բայց դրա համար համախմբվածություն է պետք»: