26/05/2023 20:41
Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչները իրար հակասող հայտարարություններ են արել «հակահարձակման» վերաբերյալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ Կիևը հակահարձակման կանցնի, երբ արևմտյան դաշնակիցներից ստանա անհրաժեշտ բոլոր զենքերը։
«Մենք շարունակելու ենք պատրաստվել հակահարձակման։ Հենց մենք պատրաստ լինենք՝ մեր գործընկերների աջակցությամբ, որոնք շարունակում են մեզ հրետանի, զինամթերք, տանկեր և զրահատեխնիկա մատակարարել և հենց մենք դրանք ստանանք, կսկսենք հակահարձակումը»,- ասել է Ժովկվան՝ Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։
Իգոր Ժովկվայի հայտարարությունը հակասում է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությանը։ Ավելի վաղ իտալական Rai հեռուստաալիքի եթերում Պոդոլյակն ասել էր, որ Ուկրաինայի հակահարձակումը մի քանի օր է՝ ընթանում է, սակայն Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանի՝ 1991 թվականի սահմաններով տարածքին, այլ գործողություններ կիրականացնի Ռուսաստանի Դաշնության կազմ մտած նոր շրջաններում։
«Ուկրաինական զորքերի հակահարձակումը չի լինելու «մեկ իրադարձություն», լինելու են տասնյակ «տարբեր գործողություններ», որոնք արդեն տեղի են ունենում»,- ասել էր նա։