26/05/2023 10:12
«Հրապարակ». Սերգեյ Բագրատյանը փորձում էր արդարացնել Արցախի հանձնումը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից ՔՊ արտագաղթած Սերգեյ Բագրատյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հերթական ելույթն էր ունենում՝ նախկին «դժոխային» օրերի մասին, և արձանագրում, որ դրան հաջորդեց «փրկությունը»։ Փորձում էր արդարացնել Արցախի հանձնումը, թե մեր ժողովրդի 100 տոկոսը դեմ է դրան, բայց պետք է իրականությանն ուղիղ նայենք, իսկ իրականությունն այն է, ըստ Բագրատյանի, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեզնից երես է թեքել. «Ստատուս քվոն պահպանվում էր մեր ռազմավարական դաշնակցի՝ մեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Եվ երբ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը հայտարարեց, որ այլևս ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս, տարածաշրջանում դիսբալանսը խախտվեց։ Ժողովուրդն այլևս մեզ չի ների, եթե երազանքի գիրկն ընկնենք, ոչ թե իրական պետական հողի վրա պինդ կանգնենք»։
Ելույթից հետո հարցրինք. իրականությունն այն է, որ Ալիևը ողջ Հայաստանն է ուզում, հնարավո՞ր է Արցախը հանձնելուց հետո այդ հարցում իրատես լինեն` տանք ու պրծնենք։
«Մենք էլ Բաքուն ենք ուզում, Անկարան ենք ուզում»: Ձեր ուզելը քիչ է, Նիկոլ Փաշինյանը չի ուզում և քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չունի։ «Ոչ մի երկիր ոչ մի երկրից տարածքային պահանջ չունի, երբ ՄԱԿ-ի անդամ ես դառնում, բոլոր երկրներն այդ մասին ստորագրում են, չէ՞, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»:
Ադրբեջանը ոչ միայն ունի, այլև վերցնում է, այս իրականության մեջ քաղաքացիներին կոչ եք անում` եկեք ամեն ինչ տա՞նք։ «Իրականությունն այն է, որ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, դրանից բացի, եթե Արցախի ժողովուրդը կարողանում է իր իրավունքները պաշտպանել, մենք իրենց կողքին ենք բոլոր հարցերում»»։