26/05/2023 09:54
«Ժողովուրդ». Իրավապահները պարզել են, որ ՀՀ թմրանյութ ներմուծելու գործում խառնված են ներկայիս քաղաքական իշխանության կարկառուն դեմքեր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մի քանի օր է, ինչ Ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի հետևից պաշտոնական հաղորդագրություններ է տարածում Հայաստան թմրանյութեր ներմուծելու վերաբերյալ։ Նախ՝ մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ 1 տոննա Հերոին է ներմուծվել Հայաստան, որը կապվում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ, սակայն հետախուզման մեջ գտնվող պատգամավորը հայտարարել էր, թե իրենք են բացահայտել դեպքն ու հայտնել իրավապահներին:
Գործով կալանավորվել է «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ն , իսկ երեկ ձերբակալվեց ընկերության պահեստապետը: Այս հայտարարությունից մի քանի օր անց ԱԱԾ-ն հայտնեց, որ մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաև զենք, զինամթերք:
Պարզվում է՝ այսքանով պատմությունը չի ավարտվում. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը նոր բացահայտում է արել՝ ՀՀ թմրանյութ ներմուծելու գործընթացով. իրավապահները պարզել են, որ գործում խառնված են ներկայիս քաղաքական իշխանության կարկառուն դեմքեր: Իսկ թե ով կամ ովքեր են նրանք, կհայտնենք «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա հրապարակումներով»։