26/05/2023 18:33
Հայաստանում արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ․ «Լույս» հիմնադրամ
«Լույս» հիմնադրամը, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։
2023թ.-ին ՀՀ տնտեսությունը կրում է նախորդ տարվա բարձր աճ ապահոված գործոնների շարունակվող ազդեցությունները, որոնք, սակայն, եթե տարեսկզբին դրսևորվում են որպես աճն արագացնող գործոններ, հետագայում կարող են վերածվել տնտեսական աճը նվազեցնող գործոնների: Այսպես, տարեսկզբին գրանցվել է տնտեսական աճի բարձր տեմպեր, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ տնտեսության վրա արտաքին շոկի դրական ազդեցությունները դեռևս նկատելի չէին: Մինչդեռ հետագա ամիսներին, երբ համեմատվող ժամանակահատվածում առկա կլինի շոկերի էֆեկտները (բազայի էֆեկտը), կարելի է սպասել աճի տեմպի դանդաղում: Այսպիսով՝
-
2023թ. բարձր տնտեսական աճի հիմքում ընկած բազայի էֆեկտը աստիճանաբար չեզոքանում է, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպերը աստիճանաբար կնվազեն: Ընթացիկ տարվա առաջին ամիսները համեմատելով նախորդ տարվա համապատասխան ամիսների հետ, երբ դեռևս տնտեսական ցուցանիշներում չէին արտացոլվել արտաքին շոկի դրական ազդեցությունները, ստացվում են բարձր աճեր, սակայն ապրիլին ՏԱՑ-ը դանդաղել է, քանի որ նախորդ տարվա ապրիլի ցուցանիշն արդեն իսկ որոշակիորեն պարունակում է շոկերի ազդեցությունները: Մասնավորապես, ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 12.1%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 1.9 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տարվա ապրիլին ՏԱՑ-ը արագացել էր 2.0 տոկոսային կետով: Հաջորդ ամիսներին կարելի է ակնկալել, որ ՏԱՑ-ի տեմպը կշարունակի դանդաղել՝ արտացոլելով բազայի էֆեկտի չեզոքացումը:
-
Արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ: Մարտ ամսին արդյունաբերության աճը կտրուկ արագացավ, ինչը կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ: Հետևաբար, սպասելի էր, որ ապրիլին արդյունաբերության աճի տեմպը որոշակիորեն պետք է նվազի: Սակայն, փաստացի ընթացիկ տարվա ապրիլին գրանցվել է արդյունաբերության անկում՝ 0.8 տոկոսի չափով: Արդյունաբերության նման զարգացումները մտահոգիչ են, քանի որ դրանք կարող են հանգեցնել տնտեսության կառուցվածքի վատթարացմանը և ներուժային աճի դանդաղմանը:
- Գնաճի տեմպն էականորեն նվազել է՝ մոտենալով գնաճի թիրախային միջակայքի ստորին սահմանին: Դեռևս 2 ամիս առաջ ՀՀ-ում գների աճի տեմպն էականորեն գերազանցում էր ԿԲ թիրախը, սակայն մարտ և ապրիլ ամիսներին գրանցվել է գնաճի էական դանդաղում: Ընդ որում, ընթացիկ տարվա տարեսկզբից ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է նույն մակարդակում: Գնաճի տեմպի դանդաղումը, իհարկե, դրական երևույթ է, սակայն նվազման տեմպը պետք է լինի տնտեսական միջավայրին համահունչ:
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ