26/05/2023 12:54
2020-ի պատերազմը կանխատեսելի էր դեռև 1990-91-ին, երբ սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով. ՀՀ նախագահ (Տեսանյութ)
Եթե մենք լինեինք այնպիսի մի երկիր, որը չունենար արտաքին խնդիրներ, մարտահրավերներ, այլ պարզապես զբաղվեր իր երկրի ներքին խնդիրներով, կարող էինք շատ ավելի լուրջ հաջողություններ ունենալ, Կատարի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Հիմա մենք ունենք պրոբլեմներ, մեծ մարտահրավերներ և փորձում ենք դրանք լուծել: Ասեմ ձեզ, որ հեշտ չէ, բարդ է այն պատճառով, որ տարիներ շարունակ մեր պատկերացումները ՀՀ ապագայի մասին այլ են եղել, և հարցը թողել ենք սերունդների վրա: Բայց, պարզվում է, որ ժամանակը սահմանափակ է, և այնպիսի խնդիրներ են առաջանում ժամանակի ընթացքում՝ դուք չէիք էլ կարող կանխատեսել:
Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ․․․, հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռև 1990-91 թվականներին, երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով: Տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու էր, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ։ Ավելի հեշտ էր հանրությանը ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994 թվականի պատերազմի ժամանակ, մայիսին կնքել էինք, չասեմ խաղաղության, քանի որ դա խաղաղության չէր, պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր: 20 և ավելի տարի բանակցային գործընթացի մեջ էինք, այդ բանակցային գործընթացների ժամանակ էլի ճշմարտության հետ չէինք ուզում առերեսվել, քանի որ պարզ էր՝ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի», - հայտարարել է ՀՀ նախագահը: