26/05/2023 15:57
ԵԱՏՄ նիստին Փաշինյան–Ալիև բանավեճն ավելի շատ տեսարանային դրվագ էր. Քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ԵԱՏՄ նիստին Փաշինյան–Ալիև բանավեճն ավելի շատ տեսարանային դրվագ է համարում, քան ինչ-որ էական քայլ:
«Շատ ավելի էական էր, որ Ալիևը մասնակցում էր ԵԱՏՄ նիստին առաջին անգամ: Իհարկե, ոչ միայն նա էր մասնակցում, այլև Ուզբեկստանի ու Տաջիկստանի նախագահները, և այդ մասնակցությունը, փաստորեն, տեղի է ունեցել Հայաստանի համաձայնությամբ, ինչի համար Պուտինը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին, որ այդ մասնակցությանը չի խոչընդոտել: Այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանը պարզապես նման ժեստով ՌԴ-ի համար խնդիրներ չի առաջացրել՝ հաշվի առնելով ընդհանուր այն միջավայրն ու մթնոլորտը, որ այսօր կա հայ-ռուսական հարաբերության շուրջ, թե՞ Հայաստանը քաղաքական որոշակի դիվիդենտ է ստացել՝ չխանգարելով Ալիևի մասնակցությանը նիստին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ այս հարցերի պատասխանները մենք տեսանելի տիրույթում չունենք, բայց սրանք ուշադրության արժանի հանգամանքներ են.«Կարծում եմ՝ Ալիևի մասնակցությունը, Հայաստանի չխոչընդոտելը շատ ավելի խորքային, տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսների դրսևորում են, քան զուտ հայ-ադրբեջանական գործընթացի: Մենք տեսանք, որ հանդիպման ժամանակ չեղավ որևէ հայտարարություն, որը երկու բանի մասին կարող է խոսել:
Առաջինը՝ այն, որ գործնականում որևէ սկզբունքային համաձայնության հասնել չի հաջողվել: Մյուս կողմից՝ մենք տեսել ենք նախկինում հայտարարություններ, որոնք սակայն հետո որևէ կերպ առարկայական իրականացման փուլ չեն մտել և որևէ շոշափելի առաջընթացի չեն բերել: Հակառակը, լարվածության խորացման միտումներ ենք տեսել: Հնարավոր է՝ նույնիսկ իրական համաձայնության մթնոլորտի պարագայում հայտարարություններ նաև չլինեն և լինի շարունակվող աշխատանք: Այս դեպքում տեսնում ենք, որ կա համաձայնություն փոխվարչապետների մակարդակով մյուս շաբաթ Մոսկվայում հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Ինչպես ՌԴ փոխվարչապետը հայտարարեց, որ այն խնդիրները, որոնք տարակարծություն են պարունակում, հիմնականում տեխնիկական են և վերաբերում են սահմանազատման մեխանիզմներին»:
Թե արդյոք մյուս շաբաթ փոխվարչապետների մակարդակով կհաջողվի՞ հաղթահարել այդ խնդիրները՝ Բադալյանը չի կարող ասել. «Մենք տեսնում ենք, որ մոսկովյան հանդիպումը տեղի է ունենում Վաշինգտոնի և Բրյուսելի ակտիվության պայմաններում: Իսկ այստեղ շատ ավելի մեծ հիմքեր կան ասելու, որ խոշոր խաղացողների միջև մոտեցումները տարբեր են: Եվ այդ պարագայում դժվար եմ պատկերացնում, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կարողանան այդ միջավայրում գալ շոշափելի համաձայնությունների: Այս հայտարարությունները ինքնին ոչինչ են, քանի որ եթե մենք ղարաբաղյան կարգավորման ամբողջ պատմությունը դիտարկենք, այս կարգի հայտարարություններ բազմիցս են եղել՝ տարբեր փուլերում: Բայց կյանքը ցույց է տվել, որ այդ հայտարարությունները երբեմն նույնիսկ գործնականում ավելի շուտ նախորդում են ինչ-որ լարվածության: Համենայն դեպս, մենք ունենք նման փորձեր»:
Անդրադառնալով նիստի ժամանակ Պուտինի դիտարկումներին՝ քաղաքագետը նշեց, որ այսօր Ռուսաստանն ավելի շուտ փորձում է ապահովել իր դիրքերի եղած ամրությունը և թույլ չտալ հետագայում թուլացում և, ինչ-որ իմաստով, տակտիկական նրբությամբ որոշակի ակտիվություն բացել արևմտյան ուղղության համար. «Քաղաքականությունը սա է և այստեղ չեն կարող լինել միարժեք արդյունավետ և շահող տարբերակներ ու սցենարներ, և հակառակը: Հիմա ՌԴ-ն, ելնելով իր բարդություններից, որը կա ուկրաինական ճակատում, փորձում է Կովկասում նվազագույն խնդիրներ լուծելով՝ շարժվել առաջ: Նա նաև փորձում է աշխատել Չինաստան-Իրան-ՌԴ եռանկյունին ամրապնդելու ուղղությամբ: Եթե այս եռանկյունին ամրապնդվի, նույնիսկ կարծում եմ, որ Ալիևի մասնակցությունը ԵԱՏՄ-ին, արձագանք էր հենց այս եռանկյունիում տեղի ունեցող պրոցեսներին, և ձևավորվի որպես աշխատող սխեմա, ՌԴ-ն կովկասյան քաղաքականության առումով ձեռք կբերի ավելի ինքնավստահություն»: