27/05/2023 20:47
Կոլոնոսկոպիա․ Հաստ աղիքի էնդոսկոպիկ հետազոտության հնարավորությունները
Լինելով էնդոսկոպիկ հետազոտության տեսակներից մեկը, կոլոնոսկոպիան նշանակվում է ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական նպատակներով։
Կոլոնոսկոպիայի ավելի հաճախ հանդիպող ցուցումներն են՝
աղիների հետ կապված տարաբնույթ խնդիրների ախտորոշում՝ սկսած որովայնի ցավերից մինչև հետանցքային արյունահոսություն,
աղիների քրոնիկ հիվանդությունների ախտորոշում, հատկապես, եթե առկա է ժառանգական նախատրամադրվածություն և որևէ հիվանդության զարգացման բարձր ռիսկ,
հաստ աղիքի լորձաթաղանթից աճած պոլիպների հայտնաբերում և հեռացում,
հաստ աղիքի քաղցկեղի ախտորոշում և էնդոսկոպիկ վիրահատական միջամտություն։
Հետազոտության լավագույն արդյունքներ ապահովելու համար կոլոնոսկոպիային պետք է ներկայանալ նախապատրաստված։
Կոլոնոսկոպիային նախապատրաստվելու տարբերակները տարբեր ախտորոշիչ կենտրոնների համար կարող են լինել տարբեր, սակայն դրանց բոլորի նպատակը հետազոտությանը կղանքից դատարկված հաստ աղիքով ներկայանալն է, որը թույլ կտա, որ ներսից զննման տեսադաշտը լինի հնարավորինս բաց։ Աղիքը դատարկելու և մաքրելու մեթոդների մասին մանրամասն կներկայացնի հետազոտող բժիշկը։
Շատ կարևոր է, որ հետազոտությունից մեկ օր առաջ անցնեք մաքուր հեղուկներին (ջուր, հանքային ջուր, անգույն մրգահյութեր և ապուրներ) և բացառելով՝
գունավոր հեղուկները՝ մրգահյութեր, կաթ, սուրճ, շոկոլադ և այլն,
պինդ կերակրատեսակները՝ միս, կարտոֆիլ և այլն։
Միևնույն ժամանակ, հետազոտությունից 6 ժամ առաջ դադարեցնել ջուր, հեղուկներ կամ սնունդ ընդունելը։
Պետք է նաև բժշկի հետ խորհրդակցել, թե կանոնավոր դեղերից որոնք կարելի է ընդունել , կամ որ դեղերի ընդունումը հետաձգել։ Առկա ալերգիայի կամ այլ զուգակցող հիվանդությունների մասին տեղեկացնելը նույնպես պարտադիր է։
Բավարար անզգայացման պայմաններում կոլոնոսկոպիան անցավ միջոցառում է: Այն սովորաբար տևում է մոտ 30 րոպե։ Հետազոտության ցավազրկումն ապահովվում է թեթև անզգայացնող դեղերի շնորհիվ։
Հետազոտությունից հետո հիվանդը գուցե զգա թույլ քնկոտություն, ուստի ցանկալի է ունենալ ուղեկից։
Կոլոնոսկոպիայի ամբողջական պատասխանը հնարավոր կլինի ձեռք բերել մեկ օրվա ընթացքում։
Կոլոնոսկոպիայից հետո սնունդ և ջուր ընդունելը սովորաբար թույլատրվում է, սակայն խորհուրդ չի տրվում ավտոմեքենա վարել, ալկոհոլ օգտագործել կամ տուն վերադառնալ առանց ուղեկցողի։
Մեկ-երկու օրվա ընթացքում կոլոնոսկոպիայի «մնացորդային» գանգատները ևս վերանում են։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։