27/05/2023 14:45
Փաշինյանը Հայաստանն ու Արցախը դարձրել է աշխարհաքաղաքական առքուվաճառքի առարկա. խոստացել է բոլորին գոհացնել. Շարմազանով (Տեսանյութ)
Բրյուսելում, Վաշինգտոնում, Պրահայում, Մոսկվայում գործընթացները մի խնդիր են լուծում՝ ով պիտի դառնա Արցախի վաճառքի միջնորդը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կադաստրի վկայականը միաժամանակ վաճառել է մի քանիսին, պարզապես, դեռ չգիտենք՝ վկայականի բնօրինակն ում մոտ է, պատճենը՝ ում։ Նիկոլին հեռացնելուց հետո, նոր ազգային իշխանությունը լուրջ խնդիրների է բախվելու. Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական առքուվաճառքի առարկա, հնարավոր ռազմական բախումների պլացդարմ, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանը նշել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահի գնահատմամբ՝ 2018 թվականի իշխանափոխությունը աշխարհաքաղաքական աջակցություն է ունեցել։ «2018 թվականի հուլիսի 10-ին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հեռացման գործում մասնակցություն ունի. ո՛չ Նիկոլը, ո՛չ նրա իշխանությունից որևէ մեկը դա չհերքեցին։ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց Հայաստան եկավ ԱՄՆ նախագահի՝ այն ժամանակվա անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով խորհուրդ տվեց մեզ հրաժարվել պատմական կաղապարներից։ Դրանց մեջ ես դիտարկում եմ ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը և Արցախյան ինքնորոշման իրավունքից հրաժարումը։ Այն, ինչ կատարվում է օտար երկրների մայրաքաղաքներում, այդ կաղապարներից ազատման վերջնական դետալները որոշելու մասին է»։
Շարմազանովն ընդգծում է՝ մեծ տերությունները պայքարում են իրար դեմ, Փաշինյանը գործոն չէ, նա բոլորին միաժամանակ խոստացել է ամեն ինչ։ «Մոսկվայում Փաշինյանն ուներ ողորմելի, ամոթալի կեցվածք, ճի՛շտ է, ինքն իմ քաղաքական հակառակորդն է, բայց բանակցային սեղանի շուրջ նրան նսեմացնելով՝ մեզ են ապտակում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։