27/05/2023 15:29
Մոսկվան հույս ունի, որ Երևանին ու Բաքվին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը. Գալուզին
Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ցուցաբերել ցանկացած աջակցություն հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ և հույս ունի, որ Բաքվին ու Երևանին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Հարցին, թե այսօրվա դրությամբ հնարավո՞ր է խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ «խաղաղության պայմանագրի ձեռքբերումը մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղիների առաջընթացից»:
«Հենց դրան է ուղղված մեր աջակցությունը, այդ թվում՝ վիճելի հարցերին հավասարակշռված փոխզիջումային լուծումներ որոնելը, որոնք ձեռնտու կլինեն ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին։ Մենք կշարունակենք այդ նպատակին ուղղված մեր ամեն տեսակի օգնությունը Բաքվին և Երևանին։ Հուսով ենք, որ նման կանոնավոր շփումները հնարավոր կդարձնեն վերջնական խաղաղության պայմանավորվածություններին հասնել», - ասել է փոխնախարարը։