27/05/2023 17:17
«Այդպիսի բան տեղի չի ունենում ոչ մի երկրում»․ Վրաստանի նախագահը դժգոհություն է հայտնել պաշտպանության նախարարի պահվածքից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրվա առթիվ կազմակերպված շքերթի ժամանակ պաշտպանության նախարարի կողմից արարողակարգը խախտելու փաստի կապակցությամբ։
«Չի կարելի, որ պաշտպանության նախարարը ռազմական շքերթի ժամանակ սկզբում ողջունի վարչապետին, ապա նոր միայն երկրի գերագույն գլխավոր հրամանատարին՝ նախագահին։ Այդպիսի բան տեղի չի ունենում ոչ մի երկրում, և այս պահվածքը զարմանք է հարուցում»,- ասել է Զուրաբիշվիլին՝ վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ այս միջադեպը արարողակարգի խախտում է, իսկ արարողակարգը պետականության հիմքն է։
«Այլապես վեճեր են ծագում՝ «ես առաջինն եմ, դու երկրորդն ես»․․․ Ես արդեն վաղուց ոչնչից չեմ նեղանում այս երկրում։ Ես կհեռանամ իմ պաշտոնից, մեկ այլ նախագահ կգա, բայց արարողակարգը ոչ միայն պետականության հիմքն է, այլև իշխանության կառուցվածքում տեղերի հանգիստ բաշխումը՝ չնայած եղած հավակնություններին»,- Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը։
Վրաստանի նախագահը հավելել է, որ արարողակարգն առանձնահատուկ նշանակություն ունի փոքր պետությունների համար՝ համաշխարհային ասպարեզում։