27/05/2023 15:45
Մենք գիտեինք՝ սերմը, որ ցանվում էր 2018-ի «թավշյա հեղափոխությամբ», հակաարցախյան էր, իրենք, ճիշտն ասած, դա չէին էլ թաքցնում. Շարմազանով (Տեսանյութ)
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությունը պատահականություն չէ, իր հնգամյա գործունեության օրինաչափ դրսևորումն է։ Եթե շատերի համար միայն հիմա է տեսանելի դառնում Փաշինյանի ծրագիրը՝ այն է Արցախը Ադրբեջանին հանձնելը, ապա ես և իմ հանրապետական ընկերները դեռ 2018 թվականից զգուշացնում էինք այդ մասին, որովհետև պտուղները ճանաչում են սերմերից, - Aysor.am «Հարցեր կան» հաղորդմանը նշել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք գիտեինք, որ սերմը, որ ցանվում էր 18 թվականի թավշյա հեղափոխությամբ, հակաարցախյան էր, իրենք, ճիշտն ասած, չէին էլ թաքցնում։ Երբ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը համեմատում էին Սարդարապատի հերոսամարտի հետ, այդ պահից սկսած պարզ էր՝ նախ եկել էին մեր ազգի արժեհամակարգը ոչնչացնելու, որ հետո հեշտորեն իրագործեն իրենց հրեշավոր ծրագրերը։ Այդ ժամանակ ասացի՝ դա անթույլատրելի, դավաճանական հայտարարություն է. Սարդարապատում մենք կյանքի ու մահվան պայքար էինք մղում թուրքերի դեմ, իսկ այսօր դուք պայքարում եք Արցախն ազատագրած իշխանությունների դեմ»։
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ հանրության մի մասը ժամանակի ընթացքում գիտակցեց, որ Փաշինյանն իր թիմակիցների հետ ապազգային, դավաճանական գործունեություն է ծավալում, բայց, ցավոք, հանրության մեջ ինչ-որ շերտեր կա՛մ չեն ուզում դա գիտակցել, կա՛մ որոշել են, այնուամենայնիվ, հանցագործներին սատարել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։