27/05/2023 09:45
«Փաստ». Եվ ովքե՞ր են «նարատիվից» խոսում. թուրքերի ու ադրբեջանցիների՝ երկար տարիների նարատիվներն ու իղձերը այսօր տարածող ու իրականություն դարձնողնե՞րը
«Փաստ» թերթը գրում է. «Քպական կարկառուններն ու ոչ այնքան կարկառունները չափից շատ են սիրում հատկապես մի քանի կրկնվող բառեր ու արտահայտություններ գործածել: Ինչպես իրենց առաջնորդ Փաշինյանն՝ իր, ասենք, «միանշանակ, աներկբա»-ներով: Ամենից տարածվածներից մեկը, որ օրերս ԱԺ դահլիճում քպականները նորից անխնա գործածեցին, «չենք հանդուրժելու...»-ն է: Կարևոր չէ, թե ինչ չեն հանդուրժելու, որովհետև իրենց որ լսես, ոչ մի բան, որ իրենց նեղ քաղաքական ու անձնական շահերից չի բխում, «չեն հանդուրժելու»:
Այս տոնայնությամբ ու նման ֆրազ կրկնելով՝ արտահայտվում են ներկայացուցիչները մի խմբի, որը զրոյացրել է հայության զոհողությունների ու ջանքերի գնով վերջին 30 տարվա բացարձակապես բոլոր ձեքբերումները: Մի խումբ, որը Արցախը ուղղակիորեն ուզում է հանձնել ադրբեջանական թուրքին: Մի խումբ, որը թափով փորձում է կոտրել Հայաստանի Հանրապետության ողնաշարը: Մի խումբ, որը հազարավոր զոհերի պատճառ դարձավ: Դե, իսկ ինչո՞ւ այդպես չխոսեն: Եթե այսքանից հետո իրենց հանդուրժում են, ապա իրենք ինչո՞ւ չպիտի ելնեն ու ասեն՝ «չենք հանդուրժելու...»:
Էլի շատ բան չեն հանդուրժելու: Օրինակ՝ չեն հանդուրժելու և չեն հանդուրժում Հայ առաքելական եկեղեցին: Չեն հանդուրժելու և չեն հանդուրժում հայ ազգի հերոսներին: Չեն հանդուրժելու և չեն հանդուրժում Հայոց պատմությունը: Չեն հանդուրժելու և չեն հանդուրժում Արարատը: Առհասարակ, չեն հանդուրժում ու շարունակելու են չհանդուրժել ամեն ազգայինն ու հայկականը: Մյուս տարածված քպական ֆրազը նարատիվների թեման է: Մնում-մնում են ու մեկ էլ՝ «ԱԱԾ-ն պիտի ուսումնասիրի, թե ինչ կենտրոնից են ուղղորդվում ընդդիմության նարատիվները...»:
Լո՞ւրջ: Եվ ովքե՞ր են «նարատիվից» խոսում: Թուրքերի ու ադրբեջանցիների՝ երկար տարիների նարատիվներն ու իղձերը այսօր տարածող ու իրականություն դարձնողնե՞րը, Արցախը ադրբեջանական հայտարարողնե՞րը... Չէ, սա իսկապես շատ նման է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» գործելաոճին: Չնայած, միշտ էլ այդպես է եղել ՔՊ-ի ու իր ղեկավարի դեպքում: Հա, ի դեպ, ԱԱԾ ասացիք, մենք էլ հիշեցինք. ԱԱԾ-ն էն սատանային գտա՞վ...»։