27/05/2023 16:57
Եթե մեր քաղաքական ուժը միայնակ կարողանար կապիտուլյանտներին հեռացնել, վաղուց հեռացրած կլինեինք. Շարմազանով (Տեսանյութ)
Ես չեմ ուզում ինձ զատել խորհրդարանական ընդդիմությունից․ ճիշտ է, մանդատ չունեմ, բայց չեմ ուզում ինձ առանձնացնել իմ պայքարի ընկերներից։ Եթե մենք բոլորս միասին չենք կարողացել հասնել Նիկոլի հակապետական ռեժիմի հեռացմանը, մեզ ուղղված քննադատությունը ճիշտ է և տեղին, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանը նշել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նժդեհն ասում էր՝ քննադատել հոգեպես՝ տառապել է նշանակում․ ես համոզված եմ, որ մեզ քննադատողների մեծ մասը տառապանքով է դա անում։ Ինձ էլ են շատ քննադատում, բայց ուզում եմ հանրությանն ասել՝ եթե մենք, մեր քաղաքական ուժը միայնակ կարողանայինք այս կապիտուլյանտ ռեժիմին հեռացնել, վաղուց հեռացրած կլինեինք։
Ձախողել ենք բոլորս՝ առաջին նախագահի, երկրորդ նախագահի, երրորդ նախագահի թիմերը։ Բոլոր նրանք, ովքեր Արցախի ապագան ինքնորոշման իրավունքի աներկբա իրացմամբ են տեսել, մենք բոլորս այս պահին ձախողել ենք»,- ասել է նա։
Շարմազանովի գնահատմամբ՝ հուսահատվելը սխալ է, ինչպես նաև ճիշտ չէ անդադար միմյանց մեղադրելը․ «Մենք ունենք էլիտա, ղարաբաղյան շարժման լիդերների մեծ մասը մեր կողքին է, այդ մարդիկ ակտիվ քաղաքականության մեջ են, նրանց լսել է պետք, նրանց շուրջը համախմբվել։ Մեր կուսակցության ղեկավարը, կուսակիցներս բազմիցս նշել ենք այս պայքարում հաջողության հասնելու բանաձևը՝ զրո ամբիցիա։ Հիմա իշխանության համար պայքարի, ապագա կառավարության աթոռներ բաժանելու ժամանակը չէ, հիմա ազգային բոլոր ինստիտուտները պետք է համախմբվեն՝ չարիքի իշխանությանը հեռացնելու համար»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։