27/05/2023 09:41
«Հրապարակ». ՔՊ-ն տապալեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչու նախօրեին ՔՊ-ն տապալեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությունը։ Իշխող խմբակցության մեր աղբյուրից տեղեկացանք, որ ի սկզբանե հանձնարարված է եղել ԲԴԽ-ի կողմից ԱԺ ներկայացված 3 թեկնածուից քվեարկել Անի Մխիթարյանի օգտին, սակայն դրանից մեկ օր առաջ հրահանգել են չընտրել, քանի որ իբր պարզել են, որ դատավորը կապեր ունի նախկինների, սերտ հարաբերություններ՝ քրեական հեղինակությունների հետ։ Այժմ ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պետք է առաջադրի թեկնածուների հաջորդ եռյակին:
Հիշեցնենք. ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները: ՔՊ 70 պատգամավորներից ոչ մեկը չմասնակցեց քվեարկությանը։ Այն դեպքում, երբ նույն օրը 67 կողմ ձայնով ընտրեցին Սերգեյ Մեղրյանին, Ելիզավետա Դանիելյանին և Լիզա Գրիգորյանին։ Քվեարկությունից հետո հայտարարվեց, որ կանոնակարգ-օրենքի համաձայն, եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները:
«Քանի որ մենք որևէ թեկնածու չունենք, որը ձայն է ստացել, այս դեպքում 2-րդ փուլ չի կարող լինել՝ ըստ կանոնակարգի, հարցը ԲԴԽ-ի դաշտում է, ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պետք է առաջադրի թեկնածուների հաջորդ եռյակին»,- հայտարարեց Հակոբ Արշակյանը:
Իսկ թե ինչ է տեղի ունեցել Անի Մխիթարյանի հետ կապված՝ ԲԴԽ-ի առաջադրումից մինչև քվեարկությանը օրը՝ պարզ չէ»։