28/05/2023 11:43
Ինքնուրույնություն և մարտական, զինվորական ուժ ու կազմակերպվածություն, որը կարող է բերել միասնականության․ Այդպես պետք է կարողանանք փրկվել. Հրանտ Մարգարյան
Այս օրը յուրահատուկ օր է․ դարերով զրկված լինելով պետականությունից՝ անկման պահին՝ ջարդից, կոտորածից հետո կարողացել ենք այն ստեղծել, լրագրողների հետ զրույցում Առաջին Հանրապետության կազմավորման կարևորությանն անդրադարձավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը։
«Կարողացել ենք, որովհետև երկու հիմնական պատճառ է եղել՝ մեկը, որ, մենք ինքնուրույն ենք եղել, ինքնուրույն քաղաքական, ազգային ուժ ենք եղել և որ կազմակերպված մարտական, զինվորական ուժ ենք եղել։ Քանի որ այդ երկուսն ունեցել ենք, կարողացել ենք մեր անկման ամենավատ աստիճանից հառնել և պետականություն ստեղծել»,- ընդգծեց ՀՅԴ-ական գործիչը։
Հրանտ Մարգարյանը նշեց՝ այսօր ևս մտածելու, խորհրդածելու շատ բան ունենք՝ ստեղծված անելանելի դրությունից դուրս գալու ուղիներ որոնելիս։
«Երկու բան կա, որը մեզ կարող է փրկել՝ ինքնուրույնություն, անկախություն և մարտական, զինվորական ուժ, կազմակերպվածություն, որը կարող է բերել միասնականության և ուժ ստեղծել։ Այդպես պետք է կարողանանք փրկվել»,- ընդգծեց նա։
Քաղաքական գործիչը միևնույն ժամանակ ցավով արձանագրեց, որ Հայաստանի գործող իշխանությունները հակառակ ուղղությամբ են շարժվում։
«Այս իշխանությունը դրա ճիշտ հակառակն է անում, մենք մեր հույսը դրել ենք օտարի վրա, դռնեդուռ ենք ընկել, որպեսզի մեր հարցերն ուրիշների միջոցով լուծենք։ Մենք չենք փորձում մեր սեփական ուժը վերականգնել, վերակերտել, մենք չենք փորձում ազգային միասնականություն ստեղծել, որովհետև ազգային ուղղությամբ չենք առաջ գնում»,- ասաց Հրանտ Մարգարյանը։