29/05/2023 15:10
Որ հեռախոսներն են «Պեգասուս»-ի վարակումների համար ավելի խոցելի
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Պեգասուս»-ի վարակումներին և նշեց, որ առաջին անգամ է այն կիրառվում պատերազմի ժամանակ, այդ իսկ պատճառով էլ մեծ քննարկման առարկա դարձավ:
Այն արտադրվում է Իսրայելի կողմից, արտադրողները նախկին զինվորականներ են:
«Դա, իբր, վաճառվում է, որպեսզի կարողանան գաղտնալսել ահաբեկիչներին, սակայն, փորձը ցույց է տալիս, որ այն օգտագործվում է տարբեր մարդկանց գաղտնալսելու համար՝ լրագրողներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր և իշխանական գործիչներ: Մենք մեր պարագայում տեսնում ենք, որ այն մեր նկատմամբ կիրառվել է ռազմական գործողությունների ժամանակ: Սա փաստացի կիբեռզենքի կիրառում է: Եթե ռազմական գործողությունների ժամանակ «Պեգասուս»-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։ Եթե Իսրայելը թույլ է տվել դա կիրառել, ապա շատ սերտ, ինտիմ հարաբերություններ պետք է լինեին, որպեսզի թույլտվություն լիներ։ Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ այն ՌԴ-ն չէր կարող կիրառել, քանի որ ՌԴ-ին չեն վաճառում, իսկ Ուկրաինան որոշակի գնումներ կատարել է: Բայց դե գիտեք, Իսրայելը մինչև վերջերս զերծ էր մնում Ուկրաինային անմիջական օժանդակելու հարցում»,-նշեց նա:
Մարտիրոսյանը համոզված է՝ եթե Հայաստանը ուզենար գնել այդ ծրագիրը ռազմական գործողությունների ժամանակ, նրանք հաստատ արգելք կդնեին, որովհետեւ այդ ընթացքում Ադրբեջանի հետ լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն ունեին։
Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ, օրինակ, Բելառուսի հետ խնդիրներ չունենալու համար Իսրայելը մերժել է Էստոնիային դրա վաճառքը. «Խոսքը շատ լուրջ քանակի վարակումների մասին է: Մենք գիտենք ըստ հոդվածի 12 անուն, քանի որ դրանք այն մարդիկ են, ովքեր համաձայնել են, որպեսզի իրենց անունը նշվի: Սակայն, մարդիկ կան, որոնց անունը, կազմակերպությունը չկա այդ ցուցակում, բայց նրանք համաձայնել են, որպեսզի իրենց հեռախոսը ստուգվի փորձագետների կողմից: Իրականում մեր ունեցած դեպքերն ու մեր գործընկերների արածները միավորենք, կարծում եմ՝ 50 –ից ավելի դեպքեր կլինեն»:
Մեդիափորձագետը հավելեց, որ նոյեմբերին մի մարդ Apple ընկերությունից ծանուցում է ստացել, որ իր հեռախոսը վարակված է, սակայն իրենք փորձարկումներից պարզել են, որ վարակումը տեղի է ունեցել պատերազմի ժամանակ. «Այսինքն այդքան ժամանակ հետո նոր նրան ծանուցում է եկել այդ մասին: Դա նշանակում է, որ դեռ լիքը մարդ կա, ով չգիտի, որ իր հեռախոսը վարակված է: Լայնածավալ վարակման հետ գործ ունենք»:
Նա նշեց, որ «Պեգասուս»-ը հիմնականում է վարակում է Apple հեռախոսները, երբեմն նաև անդրոիդ հեռախոսներ.««Պեգասուս»-ը հաճախ հետքեր չի թողնում, դրա համար այն, ինչի մասին մենք հիմա տեղյակ ենք, միայն Iphone հեռախոսնսերի մասով գիտենք, իսկ մյուս հեռախոսների մասով դեռ չգիտենք, թե ինչ է կատարվում: ՊՆ Nokia հեռախոսը վարակել չեն կարող, այն քարի կտոր է, բայց դրանք միանշանակ անվտանգ չեն: Ճիշտ է, «Պեգասուս»-ով չեն վարակվի, բայց եթե դրանով խոսում եք սահմանի մոտ, թշնամին կարող է ամբողջությամբ լսել»: