29/05/2023 11:47
Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ հասկանալի չեն. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:
Նա, սակայն, ասաց, թե հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ:
«Ես կարծում եմ, որ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները առնվազն պետք է պարզաբանեն, թե արդյո՞ք հայտարարությունը նշանակում է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում»,- ընդգծեց վարչապետը:
Նա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասաց, թե պետք է գործընկերներից ստանալ այս հարցի պատասխանը:
Վարչապետն ասաց, թե պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնել, որ հետագա գործողությունները պլանավորեն:
Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով։
«Սահմանների սահմանազատումը պետք է լինի մեր պայմաններով, այսինքն՝ արդար պայմաններով։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, Նախիջևան տանող ճանապարհը պետք է բաց լինի։ Հայաստանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից։ Սրանք են մեր պայմանները։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա», - հայտարարել էր Ալիևը։