29/05/2023 11:40
Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը դեռ Վաշինգտոնի բանակցություններից առաջ Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ չի ստացել ադրբեջանական կողմի մեկնաբանությունները, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ: Եթե ճիշտ եմ հիշում՝ դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,- ընդգծեց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, իր և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: