29/05/2023 17:50
Լույս է տեսել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գիրքը
Այսօր ՀՀ գրողների միությունում տեղի ունեցավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ գիրքում ոչ միայն պատմական դրվագներ են, այլև հեղինակի անհատական մտածումները.«Տարբեր անկյուններից շատ հետաքրքիր դիտարկումներ են, իսկ ընթերցանության համար՝ անչափ պիտանի: Այսպիսի գրքեր շատ պետք է հրատարակվեն»:
Բագրատ Սրբազանը նշեց, որ ինքը հարցազրույցները վերածել է զրույցների. «Ենթավերնագրերը կարդացեք և ամեն ինչ պարզ կլինի: Այստեղ ոչ միայն խնդրի արձանագրումներ են, այլև դրանց լուծումները: Մեր բոլոր դժվարությունների պատճառը, հիմքը կամ առավելությունների շնորհը ես համարում եմ՝ կա՛մ հոգևոր դեգրադացիայից է բխում, կա՛մ նրա առկայությունից:
Ինչո՞ւ «Ավետյաց երկրի տեսիլքով»․ 1991 թվականին, երբ մենք հռչակեցինք Հայաստանի վերանկախացումը, ես այդ ժամանակ մեզ նմանեցրել եմ գերությունից դուրս եկած և անապատ մտած ժողովրդի: Աստծո հետ հարաբերություններն այնքան բարդ ու բազմազան են, և մենք տեսնում ենք գերությունից ազատվող և խոստացված ավետյաց երկիր գնացող ժողովրդի վարքը, նրա հիշողությունները, գնում են դեպի ազատություն, բայց դեռ մտածում են գերության ժամանակ իրենց կենցաղային հիշողությունների մասին: Իրենք գնում են մեծ տեսիլքի մեջ ապրելու, բայց նրանք ոսկե հորթ էին կառուցում, փողի պաշտամունք ունեին: Մեր օրերի մասին չե՞ն հիշեցնում»: