29/05/2023 15:58
Մենք միայնակ չենք՝ դաշնակիցներ ունենք, հայկական բանակը կա. պետք է ուղղակի գործել. Արմեն Այվազյան
Ալիևը միջազգային լուրջ քաղաքական գործիչ չէ, մեծ կշիռ չունի, թույլ պետական գործիչ է, բայց նա վայելում է հավաքական Արևմուտքի ամբողջական աջակցությունը, որովհետև նրա վարած քաղաքականությունը համընկնում է Արևմուտքի շահերի հետ, Aysor.am-ի հետ զրույցում նշել է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
«Արևմուտքի նպատակն է այս տարածաշրջանում հաստատել հարյուր տոկոս վերահսկողություն։ Թուրքիային, Ադրբեջանին աջակցում է՝ ռուսական գործոնն այստեղ չեզոքացնելու համար։ Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու է Ռուսաստանը սատարում Ալիևին, նրա վարած քաղաքականությունը։ ՌԴ նախագահն աջակցում է Ալիևին՝ առաջնորդվելով ՌԴ այսօրեական, իրադրային խնդիրներով (Ուկրաինայի դեմ պատերազմ, հարավի ուղղությամբ ճանապարհները բաց պահելու հրամայական, Արևմուտքի սանկցիաներից խուսափելու կարիք)։ ՌԴ իշխանությունների վարած քաղաքականությունը մարտավարական տեսանկյունից այս պահին գուցե շահութաբեր է, բայց ռազմավարական առումով հարվածում է հենց Ռուսաստանի շահերին», - ասել է նա։
Արմեն Այվազյանը չի բացառում, որ կա Ռուսաստան-Արևմուտք գործարք. գուցե Ռուսաստանն Արևմուտքի հետ համաձայնեցրել է այս տարածաշրջանից նահանջի դրույթները. որպես հետևանք տուժելու է Հայաստանը, Ադրբեջանը շահող կողմ է լինեու։ Հստակ չէ՝ 2025 թվականին Ռուսաստանն ինչ վիճակում կլինի, կկարողանա՞ խաղաղապահ զորքերը պահել Արցախում, եթե այո, ինչ գնով։
Արմեն Այվազյանի գնահատմամբ, Արցախում պետք է պատրաստվեն վատագույն սցենարին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի դուրս գալուն. «Ալիևի որևէ հայտարարություն մեզ այլևս չպետք է զարմացնի, դրանք անսպասելի կարող են թվալ միայն Փաշինյանի մանիպուլյացիաներին տրվող լսարանին։ Փաշինյանի հայտարարությունը, թե խաղաղությունն է երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, հերթական մանիպուլյացիան է, պատերազմող երկրի ղեկավարը չի կարող այդպիսի միտք արտաբերել։ Բանակն է ապահովում խաղաղություն և ոչ թե խաղաղությունը՝ անվտանգություն։ Փաշինյանը հետևողականորեն նենգափոխում է ռազմավարական կարևորագույն հասկացություններ։ 2020 թվականի նոյեմբերին ստեղծեց այնպիսի տպավորություն՝ իբրև թե հիմա մենք տարածքները կհանձնենք և կլինի խաղաղություն։ Մինչև այսօր յուրաքանչյուր բանակցությունից հետո տրամադրություն է ստեղծում՝ թե այ հիմա կլինի խաղաղություն, իսկ մենք ճիշտ հակառակի ականատեսն ենք լինում։ Ադրբեջանի ախորժակը գնալով բացվում է, Ալիևը ոչ միայն այլևս չի թաքցնում Արցախի հայաթափման մտադրության մասին, այլ նաև նույնքան բացահայտ հավակնություններ է ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ»։
Ստեղծված իրավիճակում Այվազյանը լուծում համարում է Փաշինյանի օրակարգը մերժելը, ինչպես նաև Ադրբեջանի գործողություններին համաչափ պատասխանելը. «Ադրբեջանական սադրանքներին պետք է այնպես պատասխանել, որ հերթական սադրանքի գնալու ցանկություն չառաջանա, այդ ճանապարհին մեզ պետք են դաշնակիցներ, այս պահի դրությամբ Արևմուտքը մեզ դաշնակից չէ, Ռուսաստանն այս հարցում դաշնակից չէ, իսկ ահա Իրանը կարող է լինել դաշնակից, գուցե թե Հնդկաստանն էլ։ Մենք միայնակ չենք, դաշնակիցներ ունենք, հայկական բանակը կա, պետք է ուղղակի գործել»։
Անդրադառնալով ադրբեջանական ուժերի՝ Սյունիքից երկու զինծառայող առևանգելու գործողությանը, Այվազյանը ընդգծում է՝ եթե թշնամին ներթափանցում է քո տարածք, կատարում է գործողություն, դու պիտի կատարես նմանատիպ գործողություն՝ կամ ավելի մեծ չափերի կամ առնվազն նման չափերի։ Մենք ունենք Ադրբեջանում պահվող մի քանի տասնյակ գերիներ, եթե ՀՀ ղեկավարությունը վարվեր դասական սցենարով, մենք էլ պետք է վերցնեինք նույնքան գերիներ, հետո փոխանակեինք։
Արմեն Այվազյանն ընդգծում է՝ Ադրբեջանը գործում է սպանելու նպատակադրմամբ, մենք չենք կարող դրան ուղղակի խոսքերով հակազդել։ Չի կարելի նախաձեռնողականությունը զիջել թշնամուն, որ ինքը ընտրի՝ երբ, որ հատվածում ինչպես գործել։