29/05/2023 12:56
Էդմոն Մարուքյանը Ստոկհոլմում ներկայացրել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները
Մայիսի 26-28-ը Ստոկհոլմում անցկացվող` Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսում կազմակերպված «Պատերազմն Ուկրաինայում և դրա հետևանքները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ներկայացրել եմ նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները, հայ ռազմագերիների վերադարձի, օրեր առաջ երկու զինծառայողների առևանգման դեպքի, 2021-ից մինչ օրս Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների շարքի և օկուպացիայի, Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման պահանջի, Լաչինի միջանցքի շրջափակման և ապօրինի անցակետի տեղադրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ նախապատրաստման հանգամանքները:
Խոսել եմ նաև ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններից և դրա խոչընդոտներից: Ներկայացրել եմ մեր տեսլականը՝ խաղաղության պայմանագրի երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտի մասին, որում դերակատարում կարող են ունենալ ԵՄ-ն և միջազգային հանրությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հեռանկարով: Պատասխանել եմ քննարկման մասնակիցների բոլոր հարցերին», - գրել է նա: