29/05/2023 14:09
Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով. Լուսինե Ավանեսյան
Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները:
«Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ի պատասխան Արցախում պետական ատրիբուտները՝ լուծարելու վերաբերյալ նախօրեին Ալիևի արած հայտարարության:
«Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք և տեսնում ենք ագրեսիվության դրսևորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ և այլ ճնշումների ձևով: Դրանց այս անգամ Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները: Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով և Արցախի Հանրապետության Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը: Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը: Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Ադրբեջանը չի հարգում միջազգային որևէ սկզբունք և պարտավորություն՝ նախագահ Հարությունյանը վերահաստատում է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները՝ ուղղված եռակողմ հայտարարության կողմերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,-ասել է Լուսինե Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևը բռնթազավթված Բերձորում հայտարարել էր թե, «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին: