29/05/2023 19:43
Թուրքիան ոչ այնքան քաղաքական պահանջներ է ներկայացնում, որքան փորձում է ներազդել մեր պատմական հիշողությանը. այդ հարցում ճնշումը մեծանալու է. Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սպասելի էր, ընդդիմությունը չկարողացավ ստեղծված բարենպաստ հնարավորությունները օգտագործել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինտիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ներքաղաքական խռովություններ չեն լինի, ընդդիմության առաջնորդը չի կարող գեներացնել անհնազանդություններ։ Պատահական չէ, որ նրան անվանում են թուրքական Գանդի, և նաև Էրդողանն էլ իր ձեռքում է պահում կառավարման բոլոր լծակները. թույլ չի տա ներքաղաքական խժդժություններ»,- նշեց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ Էրդողանը Թուրքիայի պատմության մեջ արդեն կարևոր տեղ է ապահովել՝ եթե Աթաթուրքին ոչ հավասար, ապա շատ մոտ։
«Մինչև ընտրությունները Էրդողանը բազմիցս հայտարարում էր, որ մտադրություն ունի կառուցել նոր Թուրքիա, որը կհավակնի դառնալ աշխարհի հզորագույն պետություններից մեկը։ Բայց ահա հաղթանակից հետո Էրդողանն առավել զուսպ ելույթ ունեցավ՝ առավել իրատեսական հայտարարություններով, այն է՝ զարգացնել տնտեսությունը, ռազմական արդյունաբերությունը», - ասաց թուրքագետը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց՝ Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելը Թուրքիայի համար առաջնային նշանակություն չունի․ չեն թաքցնում՝ շատ բան կախված է հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Եթե Հայաստանը ստորագրի Ադրբեջանի առավելապաշտական պահանջներով փաստաթուղթը, Թուրքիան քայլեր կանի։ Ակնկալիքները, որ սահման կբացվի, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, իրատեսական չեն։ Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, Թուրքիան Հայաստանին հերթական անգամ կառաջադրի իր նախապայմանները։
«Հայ-թուրքական բանակցություններում Թուրքիան ոչ այնքան քաղաքական պահանջներ է ներկայացնում, որքան փորձում է ներազդել մեր պատմական հիշողությանը, այդ հարցում Թուրքիան մեծացնելու է ճնշումը»,- ասաց թուրքագետը։
Նա ընդգծեց նաև՝ կարևոր է, որ Հայաստանի կողմից որոշ դիվանագիտական քայլեր լինեն՝ աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանը դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելուն, բայց մենք պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք, ինչ է ուզում հարևան երկիրը։ Դիվանագիտություն անելը մի բան է, մեր շահերը պաշտպանելը, զիջումների չգնալը՝ այլ բան։