29/05/2023 12:12
Պաշտոնական թվերով թոշակները, աշխատավարձերն աճում են, բայց մեզ մոտ կենսամակարդակի էական փոփոխություն չի լինում. Սուրեն Պարսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Աժ-ում հայտարարեց, որ ՀՆԱ-ի 12,1 տոկոս աճ ունենք, իսկ գնաճը 3.2 տոկոս է: Ըստ վարչապետի`գնաճի որոշակի կայունացում է նկատվում: Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված ու նախատեսված ցուցանիշներին ու հույս ունեն, որ այս դինամիկան կպահպանվի:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ անցած տարին փակվել է 8.6 տոկոսով գնաճով, իսկ այս տարի կառավարությունը նախատեսում է փակել 4 տոկոսի շրջանակում.
«Նա դա է նկատի ունեցել և դա է իրենց թիրախը: Բայց այս թիրախին հասնելու համար կառավարությունը մի շարք գործոններ է անտեսում, մասնավորապես դրամի արժևորումը, որն էապես զսպում է ներկրող ապրանքների գները: Եթե մենք չունենայինք այս տարվա ընթացքում շարունակվող դրամի արժևորում, ապա մեր գնաճը ոչ թե կլիներ 3-4 տոկոսի շրջանակում, այլ նույնիսկ կրկնակի ավել կլիներ: Մենք գործ ունենք գնաճի ժամանակավոր զսպման երևույթի հետ, որը պայմանավորված է դրամի արժևորմամբ: Եվ երկրորդ հանգամանքը, որը զսպում է գնաճը, դա Կենտրոնական բանկի վերավինանսավորման բարձր տոկոսադրույքն է: Հիշեցնեմ, որ այն այս պահին 10.75 տոկոս է: Վերավինանսավորման տոկոսադրույքի բարձր լինելը և դրամի արժևորումն էապես մեծ վնաս է հասցնում տեղական արտադրողներին: Այս տնտեսական աճը պայմանավորված է առևտրի և ծառայությունների ոլորտներով: Արդյունաբերության դեպքում նույնիսկ մենք ունենք անկում, ապրիլ ամսին այն կազմել է 0.8 տոկոս»:
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մնացած ոլորտներում ունենք երկնիշ աճ, իսկ ահա արդյունաբերության ոլորտում անկում ենք գրանցել, ինչը վկայում է, որ մեր տեղական արտադրողներն այս պայմաններում ուղղակի չեն կարողանում մրցակցել.
«Եթե երկար շարունակվի այս գործընթացը, մեր տեղական արտադրողներից շատերն ուղղակի կսննկանան, շուկայից դուրս կգան: Եվ երբ ՌԴ-ից հոսող գումարները դադարեն կամ պակասեն, մենք կունենանք տնտեսական կտրուկ անկում, ավելի մեծ, քան 2009-ի 14.4 տոկոսը: Ցանկացած տնտեսության համար կարևոր է արդյունաբերության աճը, իսկ մենք արդեն արդյունաբերության, սննդի արդյունաբերության ոլորտում լուրջ խնդիրներ ունենք, կարող ենք ասել, որ կոնյակի ոլորտներում կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ՝ պայմանավորված տնտեսական պատժամիջոցներով և ընկերությունների քաղաքական որոշումներով: Այս տարի այս առումով բավականին մտահոգիչ իրավիճակ ունենք: Սրա մասին դեռ անցած տարի էի բարձրաձայնում՝ նշելով այդ բացասական տենդենցները, որոնք կային և էկոնոմիկայի նախարարությունը, որը պնդում էր, որ իր բոլոր քայլերն ուղղված են արդյունաբերության, հատկապես վերամշակող արդյունաբերության զարգացմանը, խթանման, փաստացի տվյալներով հերքվում է: Կառավարության տնտեսական բլոկի աշխատանքը արդյունաբերության ցուցանիշներն են, շինարարության, ծառայության, առևտրի ոլորտների հետ մեր էկոնոմիկայի նախարարությունը կապ չունի»:
Անդրադռնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե աշխատող մարդու համար կարողացել են գնաճը ոչ միայն կոմպենսացնել, այլև՝ աշխատավարձի աճ ապահովել, տնտեսագետը նշեց.
«Դարձյալ պաշտոնական թվերով մենք ունենք աշխատավարձերի աճ: ՀՀ-ում աշխատավարձը մարտին մարտի համեմատ աճել է 25.3 տոկոսով, պետական հատվածում 12 տոկոսով, ոչ պետականում՝ 28.9 տոկոսով: Հիշեցնեմ, որ անցած տարի պետական հատվածում աշխատավարձերն ավելի քիչ էր, քան գնաճը: Այսինքն, անցած տարվա տվյալներով պետական սեկտորի աշխատակիցները ունեին կենսամակարդկի նվազում: Այս տարվա ցուցանիշներով մենք, եթե հաշվի չառնենք անցած տարվա բացերը, ունենք դրական միտում: Բայց պետք է նշեմ, որ այս աշխատավարձերի աճը անվանական աճ է, պետք է համադրվի գնաճի, մարդկանց, աշխատողների գնումների հետ: Մենք ունենք բավականին մտահոգիչ իրավիճակ, հատկապես ցածր աշխատավարձ ստացողների դեպքում, որոնց եկամուտների էական աճ չի եղել և այս պարագայում կենսամակարդաի կտրուկ փոփոխություն չենք ունեցել: Եթե պաշտոնական վիճակագրությունը նայենք 2021-ին աղքատների թիվը մեր երկրում կազմում է 26.5 տոկոս: Այդ ցուցանիշով մենք ամենաբարձրն ենք ԵԱՏՄ երկրների շարքում, տարածաշրջանային երկրներից ևս ամենաբարձր աղքատության ցուցանիշն ունենք»:
Պարսյանի դիտարկմամբ, ստացվում է մի իրավիճակ, երբ մեր աշխատավարձերն աճում են պաշտոնական թվերով, թոշակները բարձրանում, բայց մեզ մոտ կենսամակարդակի էական փոփոխություն չի լինում. «Դրան գումարած նաև ահագնացող արտագաղթը: Մարդիկ լավ օրից չէ, որ որոշում են արտագաղթել երկրից: Անշուշտ կա նաև անվտանգային գործոնը, բայց սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումը և հնարավոր ռիսկերը բավականին մեծացել են»: