29/05/2023 11:04
Նիկոլի վտանգավոր տեքստերի համահեղինակը մենք ենք, մենք ենք դա թույլ տալիս. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Բոլորին հայտնի ձևակերպում կա՝ հույսը վերջինն է մեռնում։ Վարքագծային խնդիրներով զբաղվող որոշ հեղինակների մոտ կա նաև այլ մոտեցում՝ առաջինը պետք է սպանել հույսը, քանի որ այն զրկում է սեփական ուժերով գործելու կամքից։
Բացատրությունը հետևյալն է. դժվար իրավիճակներում հույսը միայն «Հույսի» վրա դնելը մեզ վերածում է պասիվ աղետին սպասողների։
Հիմա նման մի բան նկատվում է մեզ մոտ։ Մենք ընդունում ենք, որ «վերջացած նիկոլականությունը» արդեն ունի հանրային շատ ցածր աջակցություն։ Բոլոր հարցումների արդյունքներով ու նաև իրական կյանքում դա նկատելի է։
Մյուս կողմից` մենք ջանք չենք թափում, համառ չենք աշխատում, որ 65-70 տոկոս պասիվ հականիկոլակությունը փոխակերպվի պոզիտիվ- մասնակցային պրոցեսի։ Ինչու՞։
Կարին Տոնոյանը վերջերս մի ձևակերպում էր տվել. «Չի ստացվում, որովհետև նրանք, ովքեր ռեսուրսներ ունեն, չգիտեմ ինչու՝ չեն անում, կարող եմ միայն ենթադրել, իսկ նրանք, ովքեր շատ են ուզում, չունեն այդ ռեսուրսները»։ Կ. Տոնոյանը, ունենալով բոլոր բարոյական իրավունքները, տվել է բարդ հարցի պարզ պատասխանը։
Սա խորքային հարց է, որովհետև Հայաստանում հաճախ քաղաքական և ազգային նշանակության կարևոր որոշումներ կայացնողները հենց նրանք են, ովքեր ունեն ռեսուրսներ (երբեմն` միայն ռեսուրսներ)։ Իրենք իրենց տվել են նման իրավունք, և բոլորովս հայտնվել ենք այս վիճակում։
Ռեսուրսը շատ կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, որ ռեսուրսը վստահվի այլոց, ովքեր կկայացնեն ավելի ճիշտ որոշումներ։
Հակառակ դեպքում «ռեսուրսը» ցանկացած պահի կարող է, հանուն այդ նույն ռեսուրսի, դադարեցնել պայքարը, փոխել դրա բովանդակությունը, ապահովագրել մերձավորներին, կարևորել գրին քարտը, գույք՝ հայրենիքի դիմաց բովանդակությունը կամ այլ հարցեր։
Սա հարցի, սակայն, միայն մի մասն է։ Մեր զանգվածային կոնֆորմիզմը մեզ խանգարում է մերժել և հեռացնել այն, ինչը մեզ վնասում է։ Կայացած հասարակությունները դա վաղուց արած կլինեին։ Մենք չափազանց հանդուրժող ենք երկերեսանիների, «դե տուն ենք պահում, ի՞նչ անենք» ասողների և շատ այլ գռեհիկ երևույթների հանդեպ։
Ինձ հաճախ հարցնում են. լավ, բայց ի վերջո որտե՞լ է լուծումը, ի՞նչ անենք, որ իրոք փոխվի իրավիճակը։ Այդ հարցի հստակ պատասխանը Կարին Տոնոյանի պարզ ձևակերպման հիմքում է։ Ու եթե նրանք, ովքեր տիրապետում են «ռեսուրսին», (այդ թվում՝ պետության և հանրության հաշվին կուտակած) այդպես էլ չցանկանան պարզ նայել մեր բոլորի աչքերի մեջ ու աջակցել իրական փոփոխություններին, ուրեմն պետք է արձանագրենք, որ երկրի պատմական այս փուլում նրանք, որպես քաղաքական ռեսուրս, այլևս ժամանակավրեպ են։
Կարևոր է, որ մենք ճիշտ, ազնվորեն գույքագրենք մեր իրական ռեսուրսները` քաղաքական և մարդկային։ Այդ դեպքում կկարողանանք գրագետ ելքեր գտնել` առանց տրվելու ռուսների, ամերիկացիների կամ միֆական Հույսի ողորմածությանը։ Երեկ Արցախին պաշտոնապես սպառնացին ցեղասպանությամբ։ Եթե մենք, ի պատասխան, մեր հույսը դնենք «Հույսի» վրա՝ լինելու է ողբերգություն։
Գործելու ժամանակը
Երեկվա Ալիևի խոսքերի համահեղինակը մենք ենք։
Նիկոլի վտանգավոր տեքստերի համահեղինակը մենք ենք։
Վահագն Խաչատուրյանի դավաճանական տեքստերի համահեղինակը մենք ենք։ Մենք ենք դա թույլ տալիս։
Եթե չենք ուզում, որ վաղը արցունքները աչքերիս խմել կորսված Արցախի ու Սյունիքի կենացը, իսկ մենք նմանք ազգային ավանդույթ, ցավոք, ունենք, ապա պետք է դուրս գալ թվացյալ կոմֆորտից, տներից, աշխատասենյակներից, ռեստորաններից, եթե պետք է՝ խմբակցություններից, կուսակցություններից և ցանկացած այլ կաշկանդող ֆորմատներից։ Ու գործ անել։ Կա մեծ ծավալի կոնկրետ գործի անհրաժեշտություն՝ մի քանի ուղղություններով։
Այս պահի դրությամբ մենք կարող ենք պահել պետություն և հայկական Արցախ»։