29/05/2023 18:22
140 փաթեթ տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել․ կալանավորվել է 25-ամյա երիտասարդ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 25-ամյա բնակչի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ 2023թ․ մայիսի 26-ին՝ ժամը 20:40-ին, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել և իր կողմից շահագործվող «OPEL ASTRA G» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրի բաժին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել 25-ամյա երիտասարդի բնակության վայրում և վերջինիս կողմից վարած «OPEL ASTRA G» մակնիշի ավտոմեքենայում, որի ընթացքում վերջինս ավտոմեքենայի սրահի տարբեր հատվածներից ներկայացրել է ընդհանուր 140 հատ կպչուն ժապավենով փաթեթավորված զանգված, չորս հատ կաթոցիչ, ինչպես նաև` մեկ հատ էլեկտրոնային կշեռք:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը, չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել ու պահել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցներ, որից հետո «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից առանձնապես խոշոր չափերով՝ 1,52 գրամ քաշով թմրամիջոցը, իրացման համար նախապես կշռված և հարմար փաթեթավորված 10 փաթեթներում, ինչպես նաև «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցից առանձնապես խոշոր չափերով՝ 1,57 գրամ քաշով թմրամիջոցը, իրացման համար նախապես կշռված և հարմար փաթեթավորված 5 փաթեթներում, իրացնելու նպատակով 2023 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում, իր կողմից վարված «OPEL ASTRA G» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու մոտակա տարածք, որտեղ վերջինս հայտնաբերվել է Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։