29/05/2023 10:18
Մինչ Ադրբեջանը հիմք է նախապատրաստում Արցախի ուժային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, փաշինյանական իշխանությունը հաստատում է Արցախի հանձնման իր առաքելությունը․ Պատգամավոր
Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի պահանջն Արցախի պետական համակարգը ինքնալուծարման տանելու՝ նախագահից մինչև ստորին էշելոնում գտնվող պաշտոնյաների հրաժարական, ՊԲ կազմաքանդում, ըստ էության, խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր ձևով ակտիվացնում է Արցախի ադրբեջանացման գործընթացը:
«Ադրբեջանի այս ագրեսիվության հիմքում ՀՀ իշխանության պատրաստակամությունն է` ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, որով լեգիտիմացվեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայումը, իսկ հիմա` արցախցիների դիմադրության պայմաններում, նոր արկածախնդրության սպառնալիք է ստեղծում:
Մինչ Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիայի» կեղծ լուզունգների ներքո հիմք է նախապատրաստում Արցախի ուժային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, փաշինյանական իշխանությունը բոլոր հնարավոր հարթակներում հաստատում է Արցախի հանձնման իր առաքելությունը:
Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում», - գրել է նա: