29/05/2023 19:01
Ընթերցող երեխաները դառնում են մտածող մեծահասակներ. Մանկական գրքի փառատոն-2023 (Տեսանյութ)
«Զանգակ» գրատների ցանցը մեկնարկում է ընթերցասերների կողմից սիրված և սպասված Մանկական գրքի փառատոնը։ Հունիսի 1-3-ը Անգլիական այգում, ժամը 12։00-ից, ըներցասեր հասարակությունն ու հատկապես փոքրիկ ընթերցողները հնարավորություն կունենան վայելելու տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ մանկական գրքատոնը։
Փառատոնի կազմակերպման մանրամասների և սպասվող միջոցառումների մասին Aysor.am-ը զրուցել է «Զանգակ» գրատների ցանցի հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Օհանյանի հետ։
«Ես մեծ հույս ունեմ և հավատում եմ, որ հունիսի 1-ը շուտով կասոցացվի ոչ միայն երեխաների տոնի, այլև մանկական գրքերի և Մանկական գրքի փառատոնի հետ։ Մենք արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպում ենք Մանկական գրքի փառատոնը և այս տարի ևս ունենք բազում մասնակիցներ, ովքեր մեծ ոգևորությամբ են սպասել միջոցառման մեկնարկին»,-ասաց Աստղիկ Օհանյանը։
«Զանգակ» գրատների ցանցի հանրային կապերի պատասխանատուի խոսքով՝ Անգլիական այգում եռօրյա տոնի շրջանակներում սպասվում են կրթական, գրքային և շատ ակտիվ ժամանցային միջոցառումներ. առանձնացված են լինելու գրքերի տաղավարներ, լինելու են նոր գրքերի շնորհանդեսներ ու հետաքրքիր անակնկալներ։
«Այդ օրերին բոլոր այցելուները կկարողանան զգալի զեղչերով (40% և ավելի) ձեռք բերել գրքեր և այն ամենն, ինչ կապված է մանկական գրքի հետ։ Սա լավ հնարավորություն է ծնողների համար՝ ամառային ընթերցանության զամբյուղը համալրել նոր ու հետաքրքիր գրքերով։
Բոլոր ժամերին ունենալու ենք բազմաթիվ միջոցառումներ, թատերական ծրագրեր, մուտքը բոլորի համար լինելու է ազատ։ Նշեմ նաև, որ բացի հրատարակիչներից, ներկա են գտնվելու նաև հեղինակները՝ ներկայացնելու համար իրենց գրքերը, շփվելու ընթերցողների հետ՝ ստեղծելով անմիջական մթնոլորտ»,-ասաց Աստղիկ Օհանյանը։
Ոլորտի ներկայացուցիչը շատ կարևոր և ուրախալի համարեց նաև այն հանգամանքը, որ առաջին հայացքից՝ գրքերի հետ կապ չունեցող տարբեր կազմակերպություններ ևս միացել և օգնել են ծրագրի իրականացման գործում.
«Զանգակ գրատան սոցիալական պատասխանատվության մեջ է մտնում առաջին հերթին ընթերցանության զարգացումն ու մանկական գրքերի տարածումը։ Գաղափարի իրականացմանն աջակցել են ՀայԲիզնեսԲանկ-ը, «Դոբրի» հյութերը և, իհարկե, մեր գործընկեր հրատարակիչներն ու հեղինակները»,-ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է զարգանում գրքի շուկան Հայաստանում, և ի՞նչ հետաքրքրություն են ցուցաբերում փոքրիկները, Աստղիկ Օհանյանը պատասխանեց.
«Գրքի ոլորտն ու գրքի շուկան աճում, զարգանում է տարեցտարի. մենք վերջին 5-10 տարիների ընթացքում հսկայական աճ ենք տեսնում։
Սա երկուստեք աշխատանք է՝ ծնողների ուղղորդման և հրատարակիչների կողմից մատուցված արժեքավոր գրքերի համատեքստում։
Այդ աշխատանքի մեծ մասը գրական հանդիպումներն են, զանգակյան գրքի ակումբը, իսկ մյուս կողմից՝ հրատարակիչները, որոնք հրատարակում են մանկական գրքեր»։
«Զանգակ» գրատների ցանցի ներկայացուցչի դիտարկմամբ, այս ամենը շատ քիչ է այն ընդհանուր արդյունքի համեմատ, որն ակնկալվում է, սակայն սա շատ է օգնում սպասված վերջնարդյունքին հասնելու համար։
Նշենք նաև, որ բացի տեղական հրատարակչություններից, այս տարի փառատոնին են միացել նաև օտարերկրյա հրատարակչություններ և գործընկերներ, ինչը նոր ուղի է նախանշում հայկական գրքի շուկայի առաջմղման գործում։
«Այս տարի մեծ հետաքրքրվածություն զգացինք ռուսական հրատարակչություններից, որոնք ցանկությանուն հայտնեցին մասնակցել մանկական գրքի փառատոնին։
Ունենք երկու հրատարակչություն, որոնք ներկայանալու են առանձին տաղավարով և ներկայացնելու են իրենց միջոցառումները։ Անգլալեզու հրատարակիչների կողմից ևս կա հետաքրքրվածություն. Ցավոք, նրանք չհասցրին միանալ փառատոնին, սակայն հաջորդ տարիներին մեզ կմիանան գործընկերներ նաև այլ երկրներից»,- ասաց Աստղիկ Օհանյանը։
Սպասվող միջոցառումների թվում մեր զրուցակիցն առանձնացրեց նախորդ տարի մեկնարկած և մեծ արդյունքներ գրանցած «Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթը, որն այս տարի ևս հնարավորություն է ընձեռել մանուկներին՝ ազատ լինել իրենց երևակայական աշխարհում և դառնալ հեքիաթագիր.
«Նախորդ տարի «Փոքրիկ մանկագիրներ» մրցույթում ամփոփված հեքիաթները ի մի են բերվել և տպագրվել, նկարազարդումները ևս երեխաներն են արել, իսկ մենք աշխատել ենք շատ չխմբագրել, որպեսզի պահպանվի մեր փոքրիկների երևակայության արդյունքն ու ստեղծագործական միտքը։ Նույնիսկ կայացած մանկագիրները որոշ դեպքերում կարող են նախանձել փոքրիկներին»,- կատակեց նա։
Զրույցի վերջում Աստղիկ Օհանյանն, անդրադառնալով միջոցառման մեկտեղող հիմնական գաղափարին, նշեց.
«Մենք վստահ ենք և հավատում ենք, որ եթե այսօր երեխաներն ընթերցեն գրքեր, վաղը մենք կունենանք էլ ավելի լավ հասարակություն։ Մեր կարգախոսներից մեկն է ՝ «Ընթերցող երեխաները դառնում են մտածող մեծահասակներ»։
Սա մեծ ներդրում է հեռու ապագային, որն, իհարկե, այնքան էլ հեռու չէ։ Ողջ տարին մենք աշխատանքներ ենք անում հենց այդ ուղղությամբ և մանկական գրքի փառատոնով ամփոփում ենք մեր կատարծ աշխատանքն ու սկիզբ դնում ավելի պատասխանատու և նոր աշխատանքների իրագործմանը՝ նպատակ ունենալով միավորել ոչ միայն «Զանգակ»-ի ընթերցողներին, այլև բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս գաղափարի կողքին»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։