29/05/2023 15:18
1 տոննա կոկաինի և Միհրան Պողոսյանի մասին «բավական երկար զրույց» են ունեցել Վահե Ղազարյանն ու ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալը
Թմրամիջոցների հետ կապված իրավիճակը մտահոգիչ է, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
«Ունենք հայտնաբերման դրական ցուցանիշներ, որը և՛ գոհացնող է, և՛ մտահոգիչ: Մտահոգիչ է նրանով, որ շատ կան թմրամիջոցներ», - ասաց նա:
Ինչ վերաբերում է վերջին հայտնի դեպքերին, մասնավորապես, Հայաստան տեղափոխված 1 տոննա կոկաինի դեպքին՝ Ղազարյանն ասաց, թե, նախաքննությունից ելնելով, շատ բան չի ներկայացնի:
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե Հայաստան 1 տոննա կոկաին ներկրած ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր է` Միհրան Պողոսյանը: Ըստ տեղեկությունների` նա ՌԴ-ում է:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց` ռուս գործընկերոջ հետ այս հարցը քննարկե՞լ է, այդ մարդիկ ինչպե՞ս են հատել ՀՀ պետական սահմանը:
Վահե Ղազարյանը վստահեցրեց՝ բավականի մեծ աշխատանքներ են տարվում, 2 օր առաջ Հայաստանում էր ՌԴ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը, բավական երկար զրույց են ունեցել այս թեմայի շուրջ:
«Դրական արդյունքների մասին մոտ ժամանակներս հասարակությանը կիրազեկենք», - նշեց Ղազարյանը: