30/05/2023 15:11
Մգեցված ապակիների վերաբերյալ տուգանքն ազդելու է նաեւ ծառայողական մեքենաների վրա. ոստիկանությունում սկսվել է ապաթաղանթավորման գործընթաց
Պարեկներն այս պահին ոչ մի բան չեն անում, քանի որ մենք ժամանակացուցային առումով նշել էինք, որ հունիսի 1-ի են սկսվելու աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նորմաներին չհամապատասխանող մգեցված ապակիներով մեքենաների խնդրին՝ ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ նախևառաջ սկսել են իրականացնել իրազեկման միջոցառումներ:
«Ինչ վերաբերում է կառավարության որոշմանը, ապա տեսեք՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը ասում է կառավարության կողմից սահմանված չափը: Ինչքանով որ հետևում եմ լրատվամիջոցներին՝ նկատել եմ, որ կա շփոթմունք, որ միայն վերջերս է նման օրենսդրական ակտ ընդունվել: Նման օրենքի նախագիծ ՆԳՆ չի բերել ո՛չ կառավարություն, ո՛չ ԱԺ»:
Սարգսյանը հստակեցրեց, թե մինչև հիմա ինչու չէին կիրառում, իրականացնում օրենքի այդ դրույթը. «Չունեինք այնպիսի ստանդարտացված սարքավորումներ, որոնք թույլ կտային կողային ապակիների լուսաթափանցիկության աստիճանը որոշել: Բայց քանի որ արեն ՀՀ-ում ունենք նմանատիպ սարքավորումներ, պարզապես կիրառում ենք օրենքը: Մենք չէինք կարող առանց հայտարարության այն սկսել կիրառել»:
Հարցին, թե արդյո՞ք այդ օրենքն ազդելու է նաև ծառայողական մեքենաների վրա՝ փոխնախարարը պատասխանեց.«Օրենքը որևէ բացառություն չի նախատեսում: Ոստիկանությունում արդեն իսկ սկսել ենք ապաթաղանթավորման պրոցեսը, իմ, նախարարի ծառայողական մեքենաները ևս ապաթաղանթավորված են, իսկ անձնականը վաղը կլինի ապաթաղանթավորված»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե եթե հունիսի 1-ից քաղաքացին տուգանվի այդ մասով և դիմի Վարչական դատարան, արդյո՞ք չի շահի՝ Սարգսյանը նշեց. «Մեր պատկերացմամբ կա իրավական կառուցակարգ, որի շրջանակներում իրավաչափ կլինի վարչական պատասխանատվության կիրառումը: Բայց մեր քաղաքացիներն ազատ են վիճարկելու ոստիկանության վարչական ակտը Վարչական դատարանում»: