30/05/2023 19:18
Մաշկաբանության ազգային կենտրոնում բաց դռների օր է՝ նվիրված մելանոմայի իրազեկմանն ու վաղ ախտորոշմանը
Մելանոման մաշկի գունակ արտադրող բջիջներից ձևավորվող ուռուցք է։ Այդ բջիջներն ակտիվանում են արևի ճառագայթման ազդեցության տակ, հետևաբար, ամռանն ընդառաջ արդեն պետք է կատարել կանխարգելիչ նախապատրաստական աշխատանքներ։
Մայիս ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում իրականացվում են մելանոմայի իրազեկմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։
Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնը ևս միացել է իրազեկմանը։ Մայիսի 31-ին կենտրոնի մասնագետները անվճար հիմունքներով կկատարեն ախտորոշիչ հետազոտություններ։ Ցանկացողները կարող են գրանցվել նախապես՝ զանգահարելով կամ այցելելով բժշկական կենտրոն։
Միջոցառումն իրականացվում է առաջին անգամ՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկման մակարդակն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Այդ իսկ պատճառով առաջիկայում նախատեսվում են շրջայցեր նաև ՀՀ մարզեր։
Մելանոմայի ռիսկերի, կանխարգելման հնարավորությունների, տարածվածության ու վաղ հայտնաբերման հնարավորությունների մասին Aysor.am-ը զրուցել է մաշկաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու, Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, բժիշկ-մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի և մաշկաբան-դերմատոսկոպիստ Շուշանիկ Կարապետյանի հետ։
«Մելանոման, չլինելով ամենատարածված մաշկային ուռուցքը, ռիսկի տեսանկյունից ամենավտանգավորն է, քանի որ, օրինակ, մաշկի վրա կարող է լինել 2 մմ տրամագիծ ունեցող ուռուցք, բայց մետաստազներ լինեն թոքերում, լյարդում, ուղեղում և այլն։ Այսինքն, այն իր չափերով չի համապատասխանում ծանրության աստիճանին», - ասաց բժիշկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հիմա թե՛ մաշկաբանները, թե՛ ուռուցքաբանները համատեղ շատ աշխատանքներ են կատարում՝ հիվանդությունը ժամանակին ախտորոշելու և լավ արդյունքներ ստանալու համար։
«Ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդներից լավագույն տարբերակը դերմասկոպիան է։ Մելանոմայի վաղ հայտնաբերման դեպքում ապրելիությունը տասը տարուց ավելի է, որի ընթացքում իրականացվում է բուժում՝ վիրահատական, դեղորայքային, ճառագայթային և այլ մեթոդներով։
Իմունոթերապիան ևս մեծ արդյունք է տալիս, սակայն այն կապված է ֆինանսական մեծ ռեսուրսի հետ, խոսվում է նույնիսկ վակցինացիայի դրական ազդեցության մասին»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
Բժիշկը նշեց նաև, որ շատ մեծ դեր ունի ժառանգականությունը. Նախադեպ ունեցող ընտանիքների անդամներին զգուշացվում է խալերի նկատմամբ լինել առավել զգույշ և ուշադիր, հաճախ հետազոտվել։
Մաշկաբանը առաջնային խնդիր համարեց մարդկանց ոչ բարձր իրազեկվածությունը՝ չնայած նրան, որ բժշկությունը զարգանում է։
Միջոցառման ամենամեծ առաքելությունն այն է նաև, որ հնարավորինս շատ մարդ իմանա այս հիվանդության մասին, տեղեկանա հիվանդության ախտորոշման անցավ մեթոդի՝ դերմասկոպիայի մասին և վաղ հայտնաբերման դեպքում բացարձակ չանհանգստանա իր կյանքի համար։
«Պացիենտները հաճախ չեն ստուգվում, քանի որ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում։ Ուղղակի կարևոր է նշել, որ վաղ հայտնաբերման դեպքում ոչ մի վտանգ չի սպասվում և ախտորոշումն անցնում է անցավ։
Ունենք չորս գործոն, որոնց պետք է ուշադրություն դարձնել. Ժառանգականությունը, որը փոխել չի լինի, խալերի քանակը, որը ևս չի փոխվի, որքան էլ որ հեռացնենք դրանք, ծխախոտի օգտագործումը, որից կարելի է հրաժարվել, և, իհարկե, արևը։
Պաշտպանվելու լավագույն տարբերակը արևապաշտպան քսուքներն են։ Կարևոր է նաև որակյալ արևապաշտպան միջոցներ ընտրելն ու դրանք հետևողական և ճիշտ օգտագործելը»,-ասաց բժիշկը։
Արևապաշտպան քսուքները պետք է օգտագործել 30-ից բարձր SPF-ով, մասնագետները խորհուրդ ենք տալիս օգտագործել 50 SPF ունեցող միջոցներ։ Կարևոր է, որ դրանք օգտագործվեն արևի ուղիղ ճառագայթների տակ հայտնվելուց առնվազն, 40 րոպե առաջ, քանի որ ժամանակա է պահանջվում ներծծվելու,ազդեցությունը ձևավորելու և մաշկը պաշտպանելու համար։
Պետք է նաև պարբերաբար թարմացնել միջոցները՝ առնվազն երկու ժամը մեկ, պարտադիր օգտագործել ֆիզիկական պատնեշներ՝ անձրևանոց, լայնեզր գլախարկներ, կրել հատուկ հագուստ՝ ավելի խիտ գործվածքից, մուգ գույնի, կրել UV ֆիլտրերով արևապաշտպան ակնոցներ։
Հարցին՝ արդյոք մաշկի գույնը որևէ կապ ունի՞ մելանոմայի ռիսկային խմբում հայտնվելու հարցում, բժիշկ Հովհաննիսյանը պատասխանեց, որ ըստ Ֆիցպատրիկի սանդղակի, մաշկի առաջին և երկրորդ տիպերը համարվում են ամենաբացը և ավելի են հակված մաշկի ուռուցքային պրոցեսներին։
Մաշկաբան, դերմատոսկոպիստ Շուշանիկ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում առանձնացրեց այն կրիտերիաները, որոնք կարող են մելանոմայի գործոններ հանդիսանալ։
Դրանք համախմբվում են մեկ ընդհանուր եզրույթի տակ՝ ԳԵՏԱՓ՝ գույն, եզրեր, տրամագիծ, ասիմետրիա, փոփոխություններ։ Պետք է նշել նաև, որ չկան բացարձակ կրիտերիաներ, նույնիսկ լինում է մաշկի գույնից չտարբերվող մելանոմա, որը դժվար թե նկատվի ինքնազննման ժամանակ։
«Ընդհանրապես, խալերն առաջանում են մինչև սեռահասունացման տարիքը։ Եթե սեռահասունացումից հետո նոր խալեր են առաջացել, ապա պետք է դիմել մասնագետի, վերջինս էլ կորոշի նոր խալի տեսակը։ Եթե առկա խալերի մոտ կա չափի, գույնի, ձևի փոփոխություն, ապա ևս պետք է դիմել մասնագետի։ 50-ից ավելի խալերի դեպքում մելանոմայի առաջացման հավանականությունը կտրուկ մեծանում է»,-ասաց բժշկուհին։
Շուշանիկ Կարապետյանը խորհուրդ տվեց ուշադիր լինել, որ խալերը ոչ մի պարագայում չենթարկվեն որևէ լազերային ազդեցության։ Մազահեռացման դեպքում էլ խալը պետք է ծածկվի պաշտպանիչ որևէ առարկայով։
Մաշկաբանի խոսքով՝ մինչև 12 տարեկանը մելանոմայի համար անվտանգ գոտի է համարվում, մելանոմայի «սիրելի» տարիքը 30-40-ն է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։