30/05/2023 12:44
Ուղղակի բացառված է, Հայաստանն անվերջ հայտարարել է՝ դա կարմիր գիծ է. Մհեր Գրիգորյանը՝ Ալիևի հայտարարած միջանցքի մասին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է՝ Հայաստանը հիմա էլ է պատրաստ ապաշրջափակմանը, ինչը, նրա կարծիքով, կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։
Խոսելով Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ Մհեր Գրիգորյանն ասաց, թե միշտ եղել է մի եզր, երբ միջանցքը շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։
«Բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցք, իմ կարծիքով, այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից։ Մենք մշտապես երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառված է», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետը։
Գրիգորյանը պնդեց՝ Հայաստանը միշտ պատրաստ է խոսել տրանսպորտային հաղորդակցության մասին, բայց միջանցքների մասին՝ ոչ։
Նա ասաց՝ Հայաստանն անվերջ հայտարարել է՝ միջանցքի հարցը կարմիր գիծ է։
«Չի քննարկվել նման հարց, ես չեմ կարծում, որ կկազմակերպվի եռակողմ հանդիպում ու նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետև առնվազն անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց», - անդրադառնալով առաջիկայում կայանալիք իր, ՌԴ-ի ու Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ հանդիպմանը՝ ասաց փոխվարչապետ Գրիգորյանը։