30/05/2023 11:54
Բանակում կան կին զինծառայողներ, ովքեր իրենց մարտունակությամբ չեն զիջում տղամարդկանց. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վսահեցնում է՝ բանակում կան կին զինծառայողներ, ովքեր իրենց մարտունակությամբ չեն զիջում տղամարդկանց։
«Բայց ունենք նաև շատ պայմանագրայիններ, որոնց միայն անունն է պայմանագրային, թող ներեն ինձ բոլոր այն կանայք, ովքեր իմ պատկերացրած կին զինծառայողի տրամաբանության մեջ չեն մտնում։ Այստեղ խոսքը գլխաքանակի մասին չէ, խոսքը նրա մասին է, որ մենք ուզում ենք ունենալ մարտական պատրաստության կին զինծառայողներ՝ մարտիկներ»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում հայտարարեց նախարարը։
Նա ասաց, թե մտադիր են հետագայում ՀՀ զինված ուժերում ունենալ կանանց հատուկ նշանակության ստորաբաժանում։ Կանանց հնարավորություն կտրվի նաև մարտական հերթապահություն իրականացնել։
Բայց այս ամենի համար, ըստ Պապիկյանի, պետք է հասկանալ՝ կա՞ արդյոք այդ ցանկությունը, կա՞ ռեսուրս։
«Մենք հարթակ ենք ստեղծում, որ արձագանքը տեսնենք ու պլանավորենք մեր հետագա գործողությունները։ Ես վստահ եմ, որ արձագանքը լինելու է շատ ակտիվ, ունենալու ենք շատ լավ կին զինծառայողներ»,- նշեց Սուրեն Պապիկյանը։
Նախարարը կարծում է՝ կանանց կամավոր պարտադիր զինվորական ծառայության նախագիծը հեղափոխական է։