30/05/2023 12:04
ՍԱՏՄ-ի հաղորդագրությունը կարդալիս մոտս գլխապտույտ առաջացավ. այդ մարմինը որևէ քայլ չի նախաձեռնել ռիսկի գնահատում իրականացնելու համար. Դավիթ Պիպոյան
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդաագրություն էր տարածել, որում նշված էր, որ նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մեծամասնությունը, երկրորդային կամ խաչաձև աղտոտման պատճառով են (ձեռքերի վրա գտնվող բակտերիաների ու վիրուսների փոխանցումը մթերքին):
Նշվում էր նաև, որ Հայաստանում թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը:
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՍԱՏՄ-ի հաղորդագրությանը.
«Երբ այդ հաղորդագրությունը պատահաբար աչքովս ընկավ, ինձ մոտ այնպիսի գլխապտույտ սկսվեց, որ չհասկացա՝ ինձ մոտ էլ է սննդային թունավորում, թե այնուամենայնիվ հաղորդագրության տեքստը կարդալու արդյունք է: Հաղորդագրությունն ամբողջությամբ սննդի անվտանգության, գիտության ոլորտից հեռու է: Իսկ ընտրված բառերի, բովանդակության մասին էլ չասեմ. հատուկ ջանք պետք է գործադրել, որպեսզի նմանատիպ բովանդակությամբ տեքստ գրել: Ինչո՞ւ: Ամբողջ աշխարհում ու ՀՀ-ում օրենքն ասում է, որ պետք է իրականացվի ռիսկի գնահատում: Ի՞նչ է նշանակում վերլուծություն ենք իրականացրել: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարիներ շարունակ խնդրեց միջազգային մրամիններից, այդ թվում՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, որ ՀՀ-ում մանրէաբանական ռիսկերի գնահատման ունակություններ և կարողություններ զարգացվեն: Այդ կարողությունների զարգացումից հետո առ այսօր ՍԱՏՄ-ն որևէ քայլ չի նախաձեռնել ՀՀ-ում սննդային թունավորումների ժամանակ, և ոչ միայն թունավորումների ժամանակ, մանրէաբանական ռիսկի գնահատում իրականացնելու համար»:
Պիպոյանը նշեց, որ բոլորին էլ հայտնի է՝ թունավորումներն ամենաշատը լինում են հանրային սննդի կետերում, մանկապարտեզներում, այդ դեպքում ինչ կարևորություն ունի մատնանշել հավի միսը, եթե այնուամենայնիվ թունավորումը տեղի է ունեցել հանրային սննդի կետերում.
«Այստեղից պարզ է ու բնական, որ թունավորման պատճառը ոչ թե կոնկրետ հավի միսն է, այլ հանրային սննդի կետերում սննդի անվտանգության պահանջը: ՍԱՏՄ-ում շատ լավ իրազեկ են, քանի որ նախորդ տարի ես իմ ելույթը նվիրել էի շատ կարևոր ոլորտի՝ հանրային սննդի կետերում թունավորումներին, որ դրանք հանդիսանում են բարձր ռիսկայնության օբյեկտներ: Դուք պատկերացրեք, որ այդ հաղորդագրությունը պատրաստող կամ պատրաստած մարմինը շատ լավ իրազեկ լինելով, որ ՀՀ ռեստորաններում, սրճարաններում, հանրային սննդի կետերում չի ներդրվել սննդի անվտանգության կառավարման համակարգը, որը պարտադիր է օրենքով, դրա համար մատը մատին չի տալիս: Այդ տեքստերը, որոնք իրենք պատրաստում են, ո՞ւմ համար են, ո՞ւմ են ուղղված: Եթե ուղղված են հանրության շահին, ապա թող իրենք բարի լինեն, գնան հանրային սննդի կետերում և ռեստորաններում վերահսկեն, որ անվտանգության կառավարման համակարգ ներդնեն: Եթե ուղղված է մարդկանց, ապա թող բարի լինեն պատշաճ վերահսկողություն իրականացնել հավի մսի շուկայում»:
Անդրադառնալով հավի մսի շուկային, փորձագետը նշեց, որ այստեղ միանշանակ խնդիր կա.
«Մենք իրականացնում ենք ռիսկի գնահատում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կենդանական ծագում ունեցող մթերքների ոլորտում և անշուշտ հավի շուկայում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է տարանջատել: Հավի միսը պարունակում է նաև մի շարք քիմիական վտանգներ, այդ թվում՝ անասնաբուժական դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, որոնք, ճիշտ է, սուր թունավորումներ չեն առաջացնում, բայց քիմիական վտանգ են ներկայացնում: Հետևապես հավի մսի անվտնագությունը պետք է ապահովել բոլոր առումներով:
Պետք է ասեմ, որ մեր հետազոտությունները, ցավոք, ցույց են տալիս, որ շուկայում կան բազմաթիվ խնդիրներ՝ և՛ քիմիական, և մանրէաբանական առումներով և վերջին տարիներին անդրադառնում ենք մանրէաբանական նյութերի պարունակությանը կենդանական ծագում ունեցող մթերքներում: Մենք բազմիցս նշել ենք, որ այո՛, այդ հակաբիոտիկների պարունակությունը գուցե հանրային, առողջապահական տեսանկյունից խնդրահարույց չեն, քանի որ մենք մարդու վրա ազդեցությունն ենք նայում:
Շատ տարօրինակ արդունք էինք ստացել, որ ամենախնդրահարույցը առողջ ապրելակերպի հետևողներն են, քանի որ նրանք շատ հավի միս են օգտագործում: Բայց այս առումով մենք բարձրաձայնում ենք ևս մեկ կարևոր խնդիր, որ արգելված անասնաբուժական դեղամիջոցների կիրառությունը նաև արտահանման կարևորագույն խնդիր է առաջացնում: Եվ այսօր տեսնում ենք, որ արտահանման ոլորտում հենց մի խնդիր է լինում, մարդիկ այդտեղ փորձում են քաղաքական հնչերանգներ փնտրել, բայց բուն թեմային չեն անդրադառնում, թե արդյոք դու քո երկրում սննդի պատշաճ վերահսկողություն անո՞ւմ ես: Ի՛նչի պիտի ռուսն ասեր, որ իմանայիք որ ՀՀ-ում սննդի անվտանգությունը պատշաճ չի իրականացվում»:
Հարցին, թե ՀՀ-ում ո՞րն է ավելի շատ սպառվում՝ տեղական, թե ներմուծված հավի միսը, Պիպոյանը պատասխանեց. «Եթե նկատի ունեք տներում, ապա այո, առավելապես սպառվում է տեղականը: Բայց չպետք է մոռանանք ևս մեկ հանգամանք. Օրինակ, մեր հարցումները ցույց են տվել, որ մարդիկ հավի, խոզի միսը շատ սպառում են վերամշակված արտադրանքի տեսքով՝ քյաբաբ, շաուրմա, պատրաստի արտադրանքի տեսքով:
Հենց այստեղ է խնդիրը: Այսինքն, երբ իրենք են գնում, ավելի շատ նախապատվությունը տալիս են տեղականին, բայց քանի որ տեղականն ավելի թանկ է, հանրային սննդի կենտրոններում, վերամշակող ընկերություններում ավելի շատ օգտագործում են ներկրված մթերքները: Հետևապես, սպառման ձևից կախված էականորեն դրանք փոխվում են: Անցած տարի Սննդի օրվա միջոցառմանը իմ ելույթը նվիրված էր հանրային սննդի կետերին և ես ՍԱՏՄ-ին խորհուրդ տվեցի այդքան խոսելուև անիմաստ հաղորդագրություններ բաց թողելու փոխարեն, գոնե մեկ ոլորտում պատշաճ գործ իրականացնել և այդ ոլորտը կարող է լինել հանրային սննդի կետը, քանի որ ամեն տարի թունավորում ունենք: Դարձյալ ոչինչ չարեցին: Դա մի կառույց է, որը որևէ նպատակ չունի հանրային շահ պաշտպանելու: Իրենք զուտ զբաղված են ինչ-որ վերանորոգման նկարներ տեղադրելով, որը սննդի անվտանգության հետ կապ չունի»:
Համեմատականներ անցկացնելով նախորդ տարիների հետ, փորձագետը նշեց, որ բացասական դինամիկա ունենք. «Եթե 5 տարվա կտրվածքով նայենք, ապա ասեմ, որ միայն ու միայն դեպի վատն ենք գնում, քանի որ կարևորագույն մոնիթորինգային ծրագրերը ևս դուրս են եկել իրենց վերահոսկողությունից: Եթե իրենց հարցնեք, կասեն՝ դե մենք ինչ անենք, կառավարությունը փող չի տվել: Բայց, հաշվի առնելով, թե ինչ ձևով էին իրենք ռիսկերը գնահատում, գուցե ես էլ, որ կառավությունում լինեի, այդ մարմնին գումար չտայի, փակեի»: