30/05/2023 11:04
Խոհարարական դիվանագիտության նախաձեռնության շրջանակում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է հանրահայտ շեֆ-խոհարար Ամանդա Ֆրայթագին
ԱՄՆ դեսպանության և Խոհարարական դիվանագիտության ծրագրի համատեղ նախաձեռնության շրջանակում հունիսի 1-ից 6-ը Հայաստան կայցելի ամերիկյան հանրահայտ շեֆ-խոհարար, «Chopped» («Կտրատած») խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը` մասնակցելու կայուն սննդային շղթայի ու խոհարարական ձեռներեցության խթանմանը միտված խոհարարական դիվանագիտության ծրագրին։
Ամանդա Ֆրայթագը ծնվել և հասակ է առել Նյու Ջերսիում, աշխատել է Նյու Յորք քաղաքի տարբեր ռեստորաններում, և շատերին հայտնի է որպես ամերիկյան սիրված «Chopped» խոհարարական հեռուստաշոուի դատավոր։ Նա ներգրավված է եղել նաև այլ խոհարարական շոուներում, ինչպիսիք «Iron Chef America» («Ամերիկայի երկաթյա շեֆ-խոհարար»), «Next Iron Chef» («Հաջորդ երկաթյա շեֆ-խոհարարը»), «Unique Eats» («Եզակի ուտեստներ»), «Beat Bobby Flay» («Առաջ անցիր Բոբի Ֆլեյից») և այլն։ Ձգտելով ուտելիքի պատրաստումը առավել մատչելի ու հասանելի դարձնել՝ նա գրել է «The Chef Next Door» («Հարևան շոֆ-խոհարարը») խոհարարական գիրքը, իսկ վերջերս սկսել է «Easy AF» թվային շարքի թողարկումը, որտեղ տեսանյութերի միջոցով ցույց է տալիս, որ սեփական խոհանոցում համեղ ուտելիք պատրաստելը բոլորովին էլ բարդ չէ ու հաճույքով կարելի է զբաղվել դրանով։
«Մարդկանց հետ սեղանի շուրջ նստելով ու նրանց հետ հաց կիսելով` կարելի է իրապես փոխըմբռնման հասնել ու ճանաչել մշակույթն իր արժեքներով ու ավանդույթներով։ Ուրախ ենք Հայաստանում ընդունել շեֆ-խոհարար Ֆրայթագին և հավատացած ենք, որ այս այցը կօգնի կարևոր զրույցներ ծավալել կայուն սննդային շղթայի ու ձեռներեցության հարցերի շուրջ՝ հայ-ամերիկյան կապերն ամրապնդելուն զուգահեռ», - նշում է դեսպան Քվինը։
Շեֆ-խոհարար Ֆրայթագի այցի ընթացքում նաև կլինեն խոհարարական ցուցադրություններ, վարպետության դասեր և աշխատարաններ տեղի խոհարարների, սննդի ոլորտի ձեռներեցների հետ՝ շեշտադրելով նորարարությունը, սննդային շղթայի կայունությունը, ձեռներեցությունը և կանանց հզորացումը։ Այս նախաձեռնությունները կիրագործվեն՝ համագործակցելով «Երևանի գինու օրեր» փառատոնի, «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի, ինչպես նաև Դիլիջանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ։
Սննդի հետ կապված հայկական ավանդույթներն ու սննդային շղթայի կայունության կարևորությունը քննարկելու նպատակով Ֆրայթագը նաև կայցելի սննդի ոլորտի մի շարք տեղական արտադրողների, որոնց գյուղի զարգացման նախաձեռնությունների շրջանակում աջակցել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակը։ Նախատեսվում են այցեր «Յելոու բի», «Դրիմ շոկոլադ», «Բորիսկովկա», «Մեծ էնդ Մոր» և մի շարք գինեգործական ընկերություններ։
«ԱՄՆ ՄԶԳ-ն հայաստանյան գործընկերների հետ ջանքեր է գործադրում գյուղի զարգացման ուղղությամբ՝ ապահովելով աջակցություն սննդի արտադրության ու ագրոբիզնեսի ոլորտներում։ Ուրախ ենք, որ շեֆ-խոհարար Ֆրայթագի այցի շրջանակում նաև ներկայացվում են սննդի ոլորտի հայ ձեռներեցների ապշեցուցիչ հաջողությունները», - նկատում է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։