30/05/2023 17:26
Նիկոլ Փաշինյանն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակությանը, որը ղեկավարում է Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան:
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել հայ-արգենտինական հարաբերությունների շարունակական զարգացումը: Վարչապետը գոհունակությամբ է նշել Արգենտինայի Սենատում Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումների արտահայտումը, ինչը տեղի է ունենում նաև բարեկամական խմբի անդամների ակտիվ գործունեության արդյունքում: «Հույս ունեմ, որ ձեր այցի արդյունքներով երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային երկխոսությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել»,- ասել է վարչապետը:
Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության անդամները երկու երկրների համագործակցության առավել սերտացման գործում ընդգծել են այդ երկրի հայ համայնքի դերը: Գիժերմո Անդրադան հավելել է, որ շարունակելու են ակտիվորեն նպաստել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային նշանակության հարցերի: Մասնավորապես, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անթույլատրելի են համարել Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունն ու բանակցային գործընթացը վիժեցնելու փորձերը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրումը: